Այն, որ պոպուլյար մասնագիտություններից բացի, կան այլ զբաղվածության առաջարկներ, վկայում են պարբերաբար անցկացվող աշխատանքի երևանյան տոնավաճառները: Դրանք այն ուսանողների համար են, որոնք պատրաստ են դասերը համատեղել աշխատանքի հետ:
Թափուր աշխատատեղեր՝ բարձր կուրսի ուսանողների համար
Առաջարկները բավական շատ են, երիտասարդների հետաքրքրվածությունը՝ մեծ:
Ալվինա Հայրապետյան (բանկի տաղանդների ներգրավման և ինտեգրման բաժնի մասնագետ) - Ներկա պահին մենք ունենք մասնաճյուղային մեր ցանցերում աշխատանքի հնարավորություն՝ գործավար-գանձապահի, ֆինանսական խորհրդատուի, բիզնես խորհրդատուի պաշտոնի շրջանակներում: Բացի այդ, մեր գլխամասային գրասենյակում տարբեր պաշտոնների շրջանակներում ևս ունենք աշխատանքի հնարավորություն` թե՛ կոնտակտային կենտրոնի պաշտոնի շրջանակներում, թե՛ ընդհանուր վերլուծությունների բաժինների շրջանակներում:
Այս բանկում ուսանողներին առաջարկում են կարիերան սկսել ու շարունակել իրենց հետ, նաև մրցակցային աշխատավարձ խոստանում: Երիտասարդները դիմում-հայտ են լրացնում, ներկայացնում՝ որ կուրսում ու ինչ մասնագիտությամբ են սովորում: Տվյալներն ավելի ուշ կվերլուծվեն, և կորոշվի՝ ինչպես կարող են համագործակցել:
Արևիկ Պռազյան («Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման թիմի մասնագետ) - Հիմա մենք էստեղ ենք, որպեսզի ուսանողներին, հատկապես ավարտական կուրսի ուսանողներին առաջարկենք մեր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին երկու տարով գործուղվել ՀՀ և Արցախի համայնքներ և լրացնել շատ-շատ կարևոր որևէ առարկայի ուսուցչի բացը:
Հայաստանում և Արցախում 685 ուսուցչի կարիք կա: Հատկապես մեծ է բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդողների պահանջարկը: Այս ուղղություններով ավարտական կուրսի ուսանողներին, բացի աշխատավարձից ու ֆինանսական աջակցությունից, առաջարկվում է կրթաթոշակ, եթե, իհարկե, համապատասխանեն ներկայացվող չափորոշիչներին:
Անահիտ Գասպարյան (ԵՊՀ ուսումնական գիտական ընկերության փոխնախագահ) - Մեր դեկանատի, ռեկտորատի և հատկապես ՈՒԳԸ ջանքերով կազմակերպվել է այս միջոցառումը, որին մասնակցում են աշխատաշուկայում առաջատար 20-ից ավելի կազմակերպություններ և ընկերություններ, ֆինանսական հաշվապահական կառույցներ, ինչպես նաև մարքեթինգային և ապահովագրական ընկերություններ: Մեր համալսարանը տալիս է շատ մեծ պաշար տեսական գիտելիքների, բայց ուսանողների մոտ անհանգստություն կա՝ դա ինչպես կարող են կիրառել պրակտիկայում:
Աշխատանք առաջարկողների և աշխատանք փնտրողների միջև կամուրջ ստեղծելու նպատակով էլ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է այս միջոցառումը:
Հայարփի Զարգարյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող) - Օրինակ` ես շատ եմ փորձել փնտրել աշխատանք, բայց միշտ եղել է այնպես, որ ժամային գրաֆիկը միշտ հարմար չի եղել, բայց կոնկրետ էստեղ հավաքված բանկերը կամ ապահովագրական ընկերությունները հաշվապահական ընկերությունները առաջարկում են շատ հարմար տարբերակներ, որ դասերից հետո կարողանանք հասցնել:
Արտաշես Հարությունյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող) - Իրականում կազմակերպությունները այնպիսին են, ու մասնագիտությունս այնպիսին է, որ բոլորն էլ ինձ հետաքրքրում էին, բայց քանի որ առանձին հաշվապահական դասընթացների էի մասնակցել, ավելի շատ հաշվապահական գրասենյակների հայտարարությունները ինձ հետաքրքրեցին, ծանոթացել ենք ու համապատասխան ռեզյումեները ներկայացրել ենք արդեն:
Նելլի Հովհաննիսյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող) - Լինելով երկրորդ կուրսի ուսանող` ինձ շատ հետաքրքիր էր, որ կոնտակտային բաժնում աշխատանք կար, որովհետև դասերի հետ պետք է համատեղել, և ցանկությունը մեծ էր, որպեսզի կարողանամ դասերի հետ համատեղել, և ժամաքանակներն էլ շատ լավ էին, որ կարողանայինք համատեղել: Մի քանի տեղ ռեզյումեներ եմ թողել, սպասենք՝ ինչ կլինի:
Բացի այն, որ ուսանողները ցանկանում են աշխատելով գործնական հմտություններ ձեռք բերել և աշխատաշուկա մտնել հաստատուն քայլերով, ձգտում են նաև ֆինանսական անկախության:
Հեղինակ` Աննա Զախարյան