Միացյալ Նահանգներն «անտանելի գին» կվճարի, եթե շարունակի Թայվանի հարցում սխալ ճանապարհով գնալ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով Թայվանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները:
«ԱՄՆ-ը բառախաղ է սկսել «Մեկ Չինաստան» սկզբունքի շուրջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ամերիկյան կողմին, որ ամբողջ աշխարհում չկա մի ուժ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, որը կարող է պարտությունից փրկել Թայվանի անկախության օգտին հանդես եկողներին»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը խախտել է Թայվանի հարցի վերաբերյալ տված խոստումները, լղոզել «մեկ Չինաստանի» սկզբունքը, ինչպես նաև աջակցում է Թայվանի անկախությանն ուղղված անջատողական գործունեությանը:
Վան Վենբինի խոսքով՝ Չինաստանն ունի լիակատար վստահություն, ունակություն և պատրաստականություն Թայվանի անկախությանն ուղղված գործունեության վճռական զսպման, արտաքին միջամտության խափանման և պետական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերելու Թայվանին: