Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մենամարտել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և վստահ հաղթանակ տարել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Առաջին 2 ռաունդների ընթացքում Հարությունյանը կարողացել է միավորներ կորզել մրցակցից, իսկ վերջին` 3-րդ ռաունդում, նոկդաունի է ենթարկել լեհ բռնցքամարտիկին։ Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմենամարտի Գերմանիայի ներկայացուցչի հետ:
Մենամարտից հետո Հարությունյանը խոստովանել է, որ պայքարը շատ բարդ է ստացվել. «Հակառակորդի պատրաստվածությունը շատ մեծ էր։ Առաջին մենամարտն էր, և այն ուներ իր դժվարությունը՝ լարվածություն, ռինգ զգալ և այլն, բայց ընթացքում մարզիկներից մեկը տեխնիկայի կամ կամքի շնորհիվ կարողանում է հաղթել պայքարում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի առաջին ներկայացուցչի հաղթական մենամարտը. «Իսկապես ծանր մենամարտ էր: Մենք առաջին քայլը կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում»:
Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում:
54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը որակավորման փուլում կմենամարտի ուկրաինացի Ելմիր Բավիևի հետ: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում:
Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71 կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:
Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ:
ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կտևի մինչև մայիսի 30-ը:
Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ:
Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:
Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: