Ֆրանսիայի արտգործնախարարությունից պարզաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ԵՄ անդամ պետությունների և կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացողների համար ստեղծելու եվրոպական քաղաքական համայնք։
«Այն չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը»,- նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։ Նա հայտարարել է, որ Փարիզը ողջունում է կառույցին անդամակցելու Կիևի հայտը:
«Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է հայտը, հունիսին այն Եվրոպական խորհրդում կքննարկեն պետությունների և կառավարությունների ղեկավարները: Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Կլեման Բոնը հայտարարել էր, որ Կիևի անդամակցությունը Եվրամիությանը կարող է տևել 15-20 տարի։
Արձագանքելով ֆրանսիացի գործընկերոջ հայտարարություններին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հավաստիացրել է՝ դրանք չեն ազդի Կիևի եվրաինտեգրման շարժման վրա։