Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները:
«Պետական սահմանի մասին» օրենքում, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» և կից այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Պետական վերահսկողական գործառույթների կատարման անհրաժեշտության դեպքում դա ևս կիրականացնեն վերոնշյալ մարմինները: Առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը: Նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարողը մաքսային անցման կետերում կառնչվի մեկ պետական մարմնի հետ:
Պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հայկ Ցիրունյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: