Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության՝ իր հարավային սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգային գոտի ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահը։
«Հենց Թուրքիայի զինված ուժերն ավարտեն նախապատրաստությունը հետախուզության և անվտանգության ոլորտներում, այդ գործողությունները կմեկնարկեն»,- տեղեկացրել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Թուրքիայի զինված ուժերի կողմից, օգտագործվում են իր երկրի վրա հարձակումներ իրականացնելու համար: Տարվա սկզբից այդ հատվածներում հաճախակի են դարձել Թուրքիայի բանակի ու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների միջև բախումները:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգության խորհուրդն այս շաբաթ կքննարկի նոր ռազմական գործողության մանրամասները: