ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Գործող կարգավորումներով քաղաքացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել և մինչև շենքի կառուցապատումը ավարտին հասնելը, այսինքն՝ մինչև ավարտական ակտ ստանալը կարող են կնքել գնման իրավունքի պայմանագրեր, գործընթացը սկսել ավելի շուտ: Սակայն ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ այդ հնարավորությունը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերի վրա:
Օրենքի փոփոխությամբ նման հնարավորություն ենք ընձեռում նաև բնակելի տների դեպքում: Բնակելի տներ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կլինի կնքել գնման իրավունքի պայմանագրեր»,- ասաց Թունյանը:
Այսպես, նախագծի ընդունումից հետո քաղաքացիները կկարողանան անհատական բնակելի տներ կառուցելիս օգտվել բոլոր այն հնարավորություններից, ինչից օգտվում են ներկայումս բազմաբնակարան շենքերի կառուցապատողները: