ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH-International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Վարդուհի Սահակյանը:
Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով:
Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում է ութ երկիր (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։
Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերականգնման համար: Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։ Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատությունների պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրականացում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: