ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ՝ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման և սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Լուրը երեկ Բրյուսելից հայտնեց Եվրոպական խորհրդի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից անմիջապես հետո: Շառլ Միշելի հայտարարության մեջ, սակայն, չկա հստակ ամսաթիվ, թե ո՞ր օրը և սահմանի ո՞ր հատվածում տեղի կունենա առաջին հանդիպումը:
Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ) - Հանդիպմանը կքննարկվեն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանն ու սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելուն:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ ձևաչափով սա արդեն երրորդ հանդիպումն է Եվրոպական մայրաքաղաքում: Այս քննարկումը Շառլ Միշելը անկեղծ և արդյունավետ է գնահատում: Սեղանին է եղել հարցերի ողջ շրջանակը, այդ թվում` հումանիտար բնույթի՝ ինչպես ականազերծում ու անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելը՝ ասված է երեկ կեսգիշերն անց Եվրոպական խորհրդարանի էջում հրապարակված հայտարարության մեջ: Եվրոպացի պաշտոնյան շեշտել է՝ երկու երկրների ղեկավարների հետ հասել են մի շարք արդյունքների:
Շառլ Միշել - Ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կմղեն այդ գործընթացը։
Խաղաղության պայմանագրին, այն էլ՝ արագ տեմպերով, նախապատրաստվելու մասին կողմերը դեռ նախորդ հանդիպմանն էին հայտարարել, որն ապրիլի սկզբին էր կայացել, նորից Բրյուսելում: Դրանից հետո, սակայն, գործնականում որևէ հանդիպում տեղի չէր ունեցել, փոխարենը մոտ ամիս, մի քիչ էլ ավելի, հեռակա բանավեճ էր ընթանում պայմանագրի հիմքում դրվելիք սկզբունքների մասին: Բաքուն ներկայացրել էր իր հինգ կետը, Հայաստանը դրանք լրացրել, պատասխանել էր՝ 6 կետանոց առաջարկով, շեշտելով, որ համապարփակ կարգավորման համար պետք է քննարկվեն նաև Ղարաբաղի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը: Թե ինչ օրակարգով ու սկզբունքներով առաջ կգնա գործընթացը՝ այս մասին երեկվա հանդիպումից հետո չի նշվում, փոխարենը Միշելի հայտարարությունում առանձին տողով ընդգծվում է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցը:
Շառլ Միշել - Ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը:
Բրյուսելյան հանդիպման օրակարգային հարցերից է եղել նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը: Փաշինյանն ու Ալիևը համաձայնեցրել են այն սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։
Շառլ Միշել - Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքների մասին։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը։
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը երկարաժամկետ և կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը, նշել, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր աջակցությունն այս հարցում։ Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները, այս ձևաչափով երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը հուլիսին կամ օգոստոսին կկայանա:
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ ձևաչափով սա արդեն երրորդ հանդիպումն էր Եվրոպական մայրաքաղաքում: Իսկ ընդհանուր առմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները արդեն 6 անգամ հանդիպել են: Առաջին երկուսը Վլադիմիր Պուտինի նախաձեռությամբ էին՝ Մոսկվայում ու Սոչիում, մյուս 4-ը՝ Բրյուսելում, երեքը՝ Շառլ Միշելի, 1-ը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԵՏ
Մինչև եռակողմ հանդիպումը, Փաշինյանն ու Միշելն էին առանձնազրույց էր ունեցել: Հայաստանի վարչապետը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Ի թիվս եռակողմ հանդիումներին առնչվող հարցերի՝ զրուցակիցները քննարկել էին նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգը, միության՝ Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը: