Չնայած Իլհամ Ալիևի կողմից անընդհատ օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» եզրույթին` Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո Շառլ Միշելի հրապարակած հայտարարությունում միջանցքի մասին խոսք չկա՝ նկատում է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ միջանցք չի էլ լինելու, և այս հայտարարությունը հենց դրա մասին է:
Ռուբեն Մեհրաբյան (քաղաքական փորձագետ) - Լինելու է հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, ընդ որում՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է հնարավորություն ունենան ազատորեն այդ ճանապարհներից օգտվելու և ամեն մեկն իր սուվերեն վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղիները տնօրինելու:
Փորձագետը կարևոր է համարում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը դե յուրե նշանակություն ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու հայկական կողմի դիրքորոշումը: Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ Եվրոպան ընդունում է այդ սկզբունքը:
Ռուբեն Մեհրաբյան - Գործընթացի տեղափոխումը հենց եվրոպական կանոնների հարթություն էապես ուժեղացնում է հայկական դիվանագիտական դիրքերը և գործընթացին տալիս է ավելի կառավարելի ու կանխատեսելի բնույթ, երկրորդը՝ ապալեգիտիմացնում է Ադրբեջանի ցանկացած հնարավոր փորձ՝ ուժային միջամտություններով իրավիճակը բեկել հօգուտ իրեն:
Ինչ վերաբերում է Շառլ Միշելի հայտարարության մեջ հիշատակված խաղաղության պայմանագրին, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է՝ այն չի կարող լինել միայն Ադրբեջանի ներկայացրած պահանջներով: Եվրոպայի համար կարևոր է նաև Հայաստանի առաջարկների ներառումը:
Հակոբ Բադալյան (քաղաքական մեկնաբան) - Սա, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է Արցախի հարցին, Արցախի հանրության իրավունքներին, անվտանգությանը, նաև հենց այդ հարցադրումներից բխող կարգավիճակի խնդրին: Նաև անկասկած է, որ այս հարցում էլ Երևանը ոչ միայն իր պայմաններով հակազդում է Ադրբեջանի պայմաններով միջավայր ձևավորելուն, այլ նաև կարողանում է միջազգային դերակատարների մոտ որոշակի համարժեք ընկալումներ ձևավորել:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը: Մեհրաբյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հարցից էլ հետագայում կբխի կարգավիճակի հարցը:
Ռուբեն Մեհրաբյան - Այդ իրավունքները և անվտանգությունը, որոնք անօտարելի իրավունքներ են, ինչպես պետք է պաշտպանի Ադրբեջանը, որը չի կարողանում նույնիսկ հենց իր ադրբեջանցիների իրավունքը պաշտպանի: Դա մենք չենք ասում, դա ասում է «Ֆրիդըմ հաուս»-ը, այլ իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ, որտեղ Ադրբեջանի վարկանիշներն ուղղակի հատակին են:
Փորձագետները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպմանը վերաբերվում են զգուշավոր լավատեսությամբ:
Հակոբ Բադալյան - Հանդիպումները հնարավորություն են բարդ աշխարհաքաղաքական պայմաններում իրավիճակը կառավարելի պահելու, մեր ռեգիոնը և նաև արցախյան հարցը, հայ-ադրբեջանական խնդիրը ռազմական էսկալացիայից զերծ պահելու համար:
Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հաջորդ հանդիպումն անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան