ԱՄՆ-Ը ՀԱՆՁՆԱՌՈՒ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ճապոնիայի վարչապատ Ֆումիո Կիսիդայի հետ: Հանդիպման սկզբում Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ պետք է շարունակել քննարկումներն ու հասկանալ, թե ինչպես կարող են Ճապոնիան և Միացյալ Նահանգները օգտագործել դաշինքը՝ որպես դրական ուժ կիրառելու ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում: «ԱՄՆ-ի և Ճապոնիայի դաշինքն արդեն վաղուց Է խաղաղության և բարգավաճման անկյունաքար Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: ԱՄՆ-ը նախկինի պես լիակատար չափով հանձնառու Է ճապոնիայի պաշտպանությանը, մենք միասին կհաղթահարենք մարտահրավերներն այսօր և ապագայում»,- հայտարարել Է Ջո Բայդենը, նաև Կիսիդային շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցելու համար: Կողմերը նաև պայմանավորվել են խորացնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորագույն տեխնոլոգիաները, մատակարարումների շղթայի անվտանգությունն ու մաքուր էներգիան: Երեկ ԱՄՆ-ի նախագահին Տոկիոյում ընդունել Է Ճապոնիայի Նարուհիտո կայսրը: ԱՄՆ առաջնորդը հանդիպման ժամանակ ընդգծել Է ամերիկա-ճապոնական հարաբերությունների ամրությունն ու վերահաստատել կապը ասիական կարևոր դաշնակցի հետ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԿԶԲԱՂՎԻ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում առավելագույն դիվանագիտական գործունեություն է ծավալելու: Ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում Զելենսկին նշել է, որ կմիանա Դավոսի ֆորումի քննարկումներին՝ առաջ տանելով իր երկրի համար կարևոր որոշումներ: Ուկրաիանայի նախագահը հայտնել է նաև, որ խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ և նպատակ ունի ավելացնելու Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը: Երեկ՝ ավելի վաղ, Կիևում Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել էր Լեհաստանի նախագահի հետ: Անջեյ Դուդան, ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում, կոչ է արել Եվրամիությանը թույլ տալ Ուկրաինայի միանալ դաշինքին: Նաև հորդորել ապահովել Կիևի համա հասանելություն Ռուսաստանի սառեցված ակտիվներին: Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները նաև պայմանավորվել են համատեղ մաքսային հսկողություն և միասնական երկաթուղային ընկերություն ստեղծելու մասին՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը հեշտացնելու և Ուկրաինայի տնտեսության արտահանման ներուժը մեծացնելու համար։
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, դրանք սառեցնելու նախաձեռնությունը գալիս է Կիևից: Այս մասին հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը: Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է հնարավորինս ստրկացնել Ուկրաինային, ֆինանսական կախվածության մեջ պահել նրան: «Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը: Բայց ես ևս մեկ անգամ շեշտեմ եմ՝ խաղաղ բանակցությունների շարունակման գնդակը ուկրաինական դաշտում է»,- ասել է Մեդինսկին:
ԿԱ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՄԻԼԻՈՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ. ՄԱԿ
Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք աշխարհում առաջին անգամ լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնությունների և հալածանքների պատճառով, գերազանցել է 100 միլիոնը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալն է: 2021 թվականի վերջին «աշխարհում հարկադիր տեղահանված մարդկանց թիվը հասել է 90 միլիոնի»՝ «բռնության նոր ալիքների կամ ձգձգված հակամարտությունների պատճառով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մյանման, Նիգերիան և Եթովպիան»: Բացի դրանից՝ Ուկրաինայի իրադարձությունները 2022 թվականին հանգեցրել են «8 մլն մարդու տեղաշարժի այդ երկրի ներսում, ավելի քան 6 մլն մարդ դարձել է փախստական»:
ԴԱՎՈՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ
Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Այս տարի համաժողովը նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային: Ֆորումի քննարկման առանցքում հետհամավարակյան տնտեսության վերականգնումն ու ուկրաինական ճգնաժամն է: Համաշխարհային տնտեսական ֆորումը COVID-19 համաճարակի պատճառով չէր անցկացվում արդեն երկու տարի: Այս տարվա հանդիպումը նախատեսված էր հունվարին, բայց Օմիկրոն շտամի տարածման ֆոնին հետաձգվեց ևս 5 ամսով: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցում է 2500-ը, համաժողովին հրավիրված են ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև մասնավոր հատվածի 1250 ղեկավար: Դավոսի համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: