Օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված մինչև 10 անվանում դեղեր, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով (դեղատոմս կամ քաղվածք հիվանդության պատմագրից կամ բժշկի ստորագրությամբ այլ փաստաթուղթ) հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:
Փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձինք տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ կարող են ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։
Եթե օրացույցային տարին չլրացած ֆիզիկական անձի կողմից կրկին ներմուծվում են անձնական օգտագործման դեղեր, ապա ներմուծումը թույլատրվում է միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Ֆիզիկական անձի կողմից սահմանված չափաքանակից ավել դեղերի ներմուծման թույլտվությունը նույնպես տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ՊԵԿ-ը հիշեցնում է` թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումն արգելվում է։ Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018 թ. 707-Ն որոշմամբ: