ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սոչիում կայացել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը՝ ոչ պաշտոնական ձևաչափով: «Մենք պայմանավորվել ենք առանձին հանդիպում անցկացնել, քանի որ հանգամանքները պահանջում են ավելի լուրջ խոսակցություն՝ քննարկելու այն ամենը, ինչ վերաբերում է տարածաշրջանի, մեր երկրների անվտանգությանն ու տնտեսությանը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը արժանապատվորեն դիմանում է պատժամիջոցների ազդեցությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, ստեղծված իրավիճակը որակել է որպես «հնարավորությունների ժամանակաշրջան»։
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Փաստաթղթեր են նախապատրաստվում ուկրաինացի ռազմագերիների հարցով միջազգային տրիբունալ անցկացնելու համար: ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը մանրամասնել է, որ խոսքն այն ռազմագերիների մասին է, որոնք այժմ գտնվում են չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում: Պուշիլինը նաև հայտնել է, որ օտարերկրյա վարձկանների մասին տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։ «Նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, գրվում է տրիբունալի կանոնադրությունը։ Հնարավոր է, որ լինեն միջանկյալ տրիբունալներ, ինչպես դա եղել է Հայրենական մեծ պատերազմից հետո»,- ասել է ԴԺՀ ղեկավարը: Օրեր առաջ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ազով» գնդի 2439 ուկրաինացի զինվորականներ և զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել: Նրանց դեմ Ռուսաստանում քրեական գործեր են հարուցվել։
ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԻ
Ուկրաինայի նախագահը օրենք է ստորագրել, որը նախատեսում է բռնագրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք աջակցում են ռուսական հատուկ ռազմական գործողությանը։ Վոլոդիմիր Զելենսկին թելեգրամյան ալիքում գրել է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգն արագ և արդյունավետ կերպով կլրացնի ուկրաինական բյուջեն՝ ի հաշիվ թշնամիների: Գերագույն ռադան այս օրենքի առաջին տարբերակն ընդունել է ապրիլի 21-ին, սակայն այն Զելենսկին իր առաջարկներով վերադարձրել էր խորհրդարան՝ վերանայման համար։ Փոփոխված փաստաթղթի ընդունումից հետո Ուկրաինայի նախագահը ստորագրել է այն։
ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը ո՛չ Անկարային, ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքին դրական ոչինչ չի տա՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ «Մեր երկիրը բազմիցս պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշման և շանտաժների է ենթարկվել»,- ասել է Էրդողանը, նաև ընդգծել, որ Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել կոնկրետ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ:
Պաշտոնական Պեկինը անդրադարձել է ԱՄՆ նախագահի Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում արված հայտարարություններին, թե Վաշինգտոնը պատրաստ է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը, եթե այդ երկիրը ներխուժման ենթարկվի։ «Չինաստանը թույլ չի տա աշխարհի ոչ մի երկրի միջամտել իր ներքին քաղաքականությանը, որը ներառում է Թայվանի հարցը»՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Վան Վենբինը կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները: «Չպետք է թերագնահատել չինացի ժողովրդի հաստատակամությունն ու կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է դիվանագետը։
Իրանի նախագահն այցելել է Օման: Իրանի նախագահի առաջին այցն է այդ երկիր՝ Օմանի նոր սուլթանի օրոք և նախագահի հինգերորդ արտասահմանյան այցը Իրանի 13-րդ կառավարության 9 ամիսների ընթացքում։ Օմանն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման ութ հուշագիր և չորս համագործակցության համաձայնագիր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների, այդ թվում՝ նավթի, գազի և տրանսպորտային հաղորդակցության բնագավառներին: