ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տրամադրած հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ առանց փոփոխության։
Հարց - ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:
Պատասխան - Խոսքն այն մասին է, որ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան:
Հարց - Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչո՞ւ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը:
Պատասխան - Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: Եվ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ:
Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը: