Արցախի հուշարձանների պահպանության թեմայով միջազգային գիտաժողովը ձախողելու Ադրբեջանի փորձերը տապալվել են: Վիեննայում Բաքվի դեսպանը նամակներ է գրել Զալցբուրգի համալսարանի ղեկավարությանը, կազմակերպիչներին՝ չեղարկելու «Մշակույթը հակամարտության մեջ. Հարավային Կովկասն այսօր» խորագրով մայիսի 13-14-ը Վիեննայում նախատեսած գիտաժողովը:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Նույնիսկ Վիեննայից 3 ժամ հեռավորության վրա է, հասել է այնտեղ և փորձել է չեղարկել կոնֆերանսը, պատասխանել են, որ այստեղ ազատ երկիր է, գիտնականներն ազատ են՝ զբաղվեն՝ ինչով կարող են:
Ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը կեղծ տեղեկություններ է ներկայացրել Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների վերաբերյալ՝ պնդելով, թե, իբր, դրանք ավերվել են: Հայկական կողմը հակափաստարկներով հիմնավորել է Ադրբեջանի խեղաթյուրած տվյալները: Ապացույցներից մեկը Շուշիում վերականգնված Գոհար Մզկիթն է:
Րաֆֆի Քորթոշյան - Մահմեդական հուշարձանների լուսանկարներ եմ ցույց տվել, որ նրանք մինչև այս պատերազմը կանգուն էին: Նույնիսկ դա էին կեղծում: Լուսանկարներ էին դրել, վայ, տեսեք՝ հայերն ինչ են արել, իրականում՝ երբ Շուշին անցավ իրենց, մզկիթը նորոգված էր, ավելի լավ վիճակում, քան ցանկացած հուշարձան:
3 ադրբեջանցի փորձել է առանց գրանցվելու ներս մտնել գիտաժողովի սրահ, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենի խոսքով՝ միջազգային փորձը ցույց տալիս՝ Ադրբեջանի վարքագիծը աննախադեպ է. հուշարձանները թիրախավորվում են ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև դրանից հետո, ինչը հայկական արժեքները դիտավորյալ ոչնչացնելու, պատմությունը աղավաղելու, մշակութային ցեղասպանության փորձ է:
Րաֆֆի Քորթոշյան - Կապույտ վահանի ներկայացուցիչը բացատրում է, թե երկու պետությունները երբ հակամարտում են, և կա իրենց նշանը, հետևաբար, չպետք է թիրախ դառնա, դիրք չդարձնել, էս դեպքում, երբ ասացինք, որ միայն այդ տարածքում չէ խնդիրը, այլ 300 կմ հեռու Բաքվի եկեղեցու ավերումն է, այլ ոչ թե ռմբակոծելու: Սա նորություն էր, սա ուրիշ է, հակամարտության խնդիր չէ, պատմությունը սրբելու այլ ազգի գործողություն են:
Քորթոշյանը համոզված է՝ ոչնչացնելով հայկական կոթողները՝ Ադրբեջանը կրկնում է Թուրքիայի՝ 1921-ի քաղաքականությունը: Խնդիրն է՝ հնարավոր բոլոր հարթակներում խոսել այդ մասին:
Րաֆֆի Քորթոշյան - Կարող է և դրանից բխեն օրենքներ, որով նաև, ինչպես օրինակ Հաագայի դատարանի որոշումն էր, հնարավորություն կունենանք ինչ-որ մի չափով փրկենք մեր հուշարձանները:
Քորթոշյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է վերակենդանացնել 1933-ին Մադրիդի միջազգային համաժողովում վանդալիզմը՝ որպես արվեստի և մշակույթի գործերի ոչնչացման հանցագործություն սահմանման վերաբերյալ Լեմկինի առաջարկը: Վստահ է, եթե չմերժվեր առաջարկը, Արևմտյան Հայաստանի հուշարձանների 99 տոկոսը դեռ գոյություն կունենար: