Առավոտյան՝ 87, ժամը 14.00-ի դրությամբ` 92 դեպք: Իսրայելը, Շվեյցարիան և Ավստրիան դեռ վերջին երկրներն են, որոնք հաստատել են կապիկի ծաղիկի դեպքերը` հասցնելով վարակների մասին հայտնած երկրների ընդհանուր թիվը 13-ի:
Չնայած Հայաստանում չկա ոչ հաստատված, ոչ կասկածելի դեպք, ամեն դեպքում բժշկական օղակներն ունեն ցուցում, թե ինչ անել, եթե իրենց դիմեն ատիպիկ ցանավորում ունեցող քաղաքացիներ. պատրաստում են մեթոդական ուղեցույցներ, նաև աշխատում պետական, տեսչական այլ մարմինների հետ՝ վայրի կենդանիների ներմուծման արգելք կիրառելու համար, որպեսզի, օրինակ՝ էկզոտիկ կապիկներ, կրծողներ չբերվեն Հայաստան։
Մասնագետները կարծում են՝ ի տարբերություն կորոնավիրուսի՝ կապիկի ծաղիկը համավարակ առաջացնելու հակում չունի:
Լուսինե Պարոնյան (ՀՎԿԱԿ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Ունի երկու շրջափուլ, երկու տեղ է արձանագրվել՝ Կոնգոյում, որոնք ավելի ծանր դեպքեր են, և այս մեկը Նիգերիայի հետ է կապված և ավելի թեթև է: Գիտենք որ քովիդը ՌՆԹ վիրուս է, որը հակում ուներ արագ փոփոխվելու: Քանի որ նա ԴՆԹ վիրուս է, հակում չունի համավարակ առաջացնելու, գաղտնի շրջանում վարակիչ չէ:
Իսկ գաղտնի շրջանը 5-21 օր է, որին հաջորդում են ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, ավշահանգույցների մեծացում: Այս ախտանշաններից հետո միայն 1-3 օրվա ընթացքում կարող է լինել ցան՝ նման բնական ծաղկի ցանին:
Լուսինե Պարոնյան - Բշտիկներ են առաջանում, և դրանց հեղուկով հնարավոր է վարակը փոխանցվի:
Բացի բշտիկներին դիպչելուց, վարակը կարող է փոխանցվել սերտ և երկարատև շփման արդյունքում. վարկած է առաջ քաշվել սեռական փոխանցման, բայց դեռ ուսումնասիրվում է:
Ի դեպ, մինչ այս էլ եվրոպական մի շարք երկրներում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվել են, սակայն հիմա կա անհանգստություն, քանի որ վարակակիրները միայն Աֆրիկա ճամփորդած մարդիկ չեն: Այս անգամ կան միջնորդավորված վարակումներ՝ մարդուց մարդուն:
Ըստ մասնագետի տվյալների՝ այս պահին վարակակիրները երիտասարդ տղամարդիկ են, բայց խոցելի խմբում են հատկապես երեխաները և իմունային համակարգի խնդիրներ ունեցողները:
Հենց այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա, փոխարենը կա բնական ծաղկի պատվաստանյութը, որը 85 տոկոս արդյունավետություն ունի նաև այս հիվանդության դեպքում՝ վստահեցնում են մասնագետները:
Սվետլանա Գրիգորյան (ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Նոր սերնդի պատվաստանյութերը դեռ 2019-ին հաստատվել են, որ կարող են կիրառվել նաև այս հիվանդության կանխարգելման ընթացքում, այս պատվաստանյութերը կենդանի պատվաստանյութեր են:
Այդ պատվաստանյութով մեր երկրում ևս պատվաստվել են մինչև 1980 թ.: Պատվաստանյութի համատարած կիրառման կարիք չկա, 90-ից ավելի դեպքն աշխարհում դեռ համարվում է եզակի:
Եվրոպական երկրներում հիվանդների շրջանում մահվան դեպքեր չեն գրանցվել։ Իսկ ընդհանրապես մահացությունը 1-10 տոկոս է, մեծ միջակայքը պայմանավորված է վարակի տարածման տարածքով: Նիգերիայից բերված վարակի դեպքում, ինչպիսին այս մեկն է, ծանր դեպքերը քիչ են լինում:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան