Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտներն այսօր ստացել են առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։
ՀՀ զինված ուժերի նորաթուխ սպաներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․ «Ինձ համար այնքան ոգևորիչ է, որ այսօր հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում։ Ես տեսնում եմ ձեր կրակոտ աչքերը և լիահույս եմ, որ նույն ոգևորությամբ ծառայելու եք հայրենիքին, և մեր սերունդների կրթման ու դաստիարակման հարցում դուք ձեր ավանդը կունենաք։ Առաջին քայլերն եք անում և ուրախալին այն է, որ ի դեմս ձեզ՝ ունենանք շատ լավ երիտասարդություն: Եվ սա նշանակում է, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Ձեզ բարի ընթացք, բարի ծառայություն»։
Շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և քաղաքային իշխանությունների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ՇՊՀ դասախոսներ։