Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը այսօր համայնքի առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Մասնագիտական գիտելիքներով ու մարդասիրությամբ առաջնորդվելով այսօր ոչ բարենպաստ պայմաններում էլ պոլիկլինիկաների մեր բուժաշխատողները անձնվիրաբար ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքն ու օգնում մեր համաքաղաքացիներին հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ:
Բայց ես համոզված եմ՝ և՛ մեր համաքաղաքացիներն են արժանի ստանալ էլ ավելի որակյալ ծառայություններ, և՛ մեր բուժաշխատակիցներն են արժանի աշխատել ավելի հարմարավետ և բարեկարգ պայմաններում:
Ուստի քաջ գիտակցելով պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների դժվարին գործընթաց:
Այդ բարեփոխումների ներդրումը դեռևս երկարամյա աշխատանք է պահանջում, բայց այն ի վերջո իր նպատակին ծառայելու է»,- գրել է քաղաքապետը: