Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ այրեր:
Առաջնությանը մասնակցելու է 39 երկրի շուրջ 250 բռնցքամարտիկ: Բացման արարողությանը նախ ներկայացվել են բոլոր երկրները: Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանն էր:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է մարզական մեծամասշտաբ իրադարձության կայացման առթիվ:
Նա ընդգծել է` այս քայլով մեր երկրում կխթանեն ինչպես բռնցքամարտի, այնպես էլ մասսայական սպորտի զարգացումը. «Երբ ստացանք առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք այն լավագույնս կազմակերպելու համար: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում մեծ ներդրումներ են կատարվում մարզական ենթակառուցվածքներում: Մրցաշարի կազմակերպումն ու առաջնությունն անցկացնելու իրավունք ստանալը խթանեցին ենթակառուցվածքների զարգացումը»:
Ա. Հարությունյանը նաև հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներին, իսկ երկրպագուներին էլ կոչ է արել աջակցել մեր թիմին, վայելել մարզական տոնը. «Հայաստանի՛ հավաքականի սիրելի մարզիկներ, մենք ուշի ուշով հետևելու ենք ձեր ելույթներին: Աջակցելու ենք տրիբունաներում: Սպասելու ենք մեծ հաղթանակների: Այսօր Հայաստանին այդ մեծ հաղթանակները շատ են պետք»:
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ու Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը ևս հանդես են եկել ողջույնի խոսքով՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության և առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Այնուհետև տեղի է ունեցել մարզիկների և մրցավարների երդման արարողությունը: Մարզիկների անունից երդման տեքստը կարդացել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, իսկ մրցավարների անունից` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Պաշտոնական արարողությանը հաջորդել է մշակութային մասը, որը հագեցած էր լուսային և գրաֆիկական նորովի լուծումներով: Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվել են Հայաստանի պատմությունը և մշակույթը: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են նաև կինետիկ գնդեր:
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 22-30-ը: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է:
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցութային առաջին օրը՝ մայիսի 23-ին, մենամարտերը կմեկնարկեն ժամը 18։00-ից:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որը մեկնարկային մենամարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ: