Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։
«Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա»,- նշված է հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։
Նրա գնահատականով` քննարկումները եղել են անկեղծ և արդյունավետ։ Կողմերը քննարկել են հարցերի ողջ շրջանակը, այդ թվում` հումանիտար բնույթի հարցեր, ինչպես ականազերծումը և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցը։
«Մենք հասել ենք մի շարք արդյունքների»,- նշել է ԵՄ խորհրդի նախագահը` մանրամասներ ներկայացնելով:
Սահմանային հարցեր
Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դրա շրջանակում կքննարկվեն հարցեր` սահմանի սահմանազատման և կայունության պահպանման վերաբերյալ։
Հաղորդակցությունների ապաշրջափակում
Ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։
Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքների մասին։
Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը։
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կմղեն այդ գործընթացը։
«Ի հավելումն դրա` ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը»,- հայտնել է Միշելը։
Սոցիալ-տնտեսական զարգացում
Եվրամիությունը երկու կողմերի հետ առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացումը` ի բարօրություն երկու երկրների և նրանց բնակչության։
«Ես նաև ընդգծել եմ բնակչությանը երկարաժամկետ և կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ շփումները և նույն ձևաչափով կհանդիպենք հուլիսին կամ օգոստոսին»,- ասված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։