Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը.
«Սիրելի՛ հյուրեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը:
Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:
Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:
Համոզված եմ, որ այս օրերին ականատեսն ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին:
Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը հայտարարում եմ բացված»: