ՖՐԱՆՍԻԱ
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳԾԱՆԿԱՐԸ ՓԱՐԻԶԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 23 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ
Փարիզի «Քրիստի» աճուրդի տնից հայտնել են, որ Միքելանջելոյի`տուշով արված գծանկարը վաճառվել է ավելի քան 23 միլիոն եվրոյով: Նկարը, որտեղ մերկ տղամարդ է պատկերված, ճանաչվել էր Ֆրանսիայի ազգային հարստություն, այդ իսկ պատճառով 30 ամսով արգելվել էր դրա դուրսբերումը երկրի տարածքից: Սակայն Ֆրանսիայի կառավարությունը վերջերս վերացրել էր այդ արգելքը` թույլ տալով, որ գծանկարն առանց սահմանափակումների առաջարկվի աշխարհի ցանկացած կետում ապրող հավաքորդի:
Ենթադրվում է, որ մերկ տղամարդու և նրա հետևում կանգնած երկու հոգու գծանկարը Միքելանջելոյի վաղ շրջանի ստեղծագործություններից է, որը թվագրվում է 15-րդ դարավերջով:
Սթայն Ալսթեյնս («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Սա Միքելանջելոյի երիտասարդ շրջանի գործերից է: Վարպետն այն, ամենայն հավանականությամբ, նկարել է 20 տարեկանում, երբ ապրում էր իր հայրենի Ֆլորենցիա քաղաքում:
Գծանկարը, որն իտալացի նկարչի` մասնավոր հավաքածուներում եղած սակավաթիվ աշխատանքներից է, վերջին անգամ վաճառվել էր 1907 թվականին՝ Փարիզում, և ներկայացվել որպես Միքելանջելոյի դպրոցի գործ։
Այս աշխատանքը մոռացության էր մատնվել մինչև 2019 թվականը, երբ «Քրիստիի» մասնագետներից մեկը բացահայտեց, որ սա հենց Միքայելանջելոյի գործերից է։
ՆԵՊԱԼ
48-ԱՄՅԱ ԿԻՆՆ ԷՎԵՐԵՍՏԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Նեպալցի Լակպա Շերպան վերադարձել է Կատմանդու: Նա գերազանցել է կնոջ կողմից Էվերեստի գագաթն ամենաշատը բարձրանալու` սեփական ռեկորդը:
48-ամյա կինը տասներորդ անգամ է բարձրացել աշխարհի ամենաբարձր լեռը` Էվերեստը կամ Ջոմոլունգման, որը ծովի մակերևույթից բարձր է 8848,86 մ:
Նեպալի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներից մեկը նույնպես հաստատել է, որ Լակպան հաղթահարել է Ջոմոլունգմայի բարձունքը:
Կատմանդուի օդանավակայան ժամանելուն պես լրատվամիջոցների հետ զրույցում Լակպան ասել է, որ անչափ ուրախ է և խրախուսել է նեպալցիներին նույնպես հանդես գալ նման նախաձեռնություններով և երբեք չհանձնվել:
Լակպա Շերպա (լեռնարշավորդ) - Ես շատ երջանիկ եմ: Այսօրվանից մոռանում եմ Հիմալայներում ունեցած իմ բոլոր տառապանքները:
Էվերեստ լեռ, ընդհանուր առմամբ, բարձրացել են 10 657 անգամ: Առաջինը լեռան գագաթին հասել են 1953 թվականին, բարձրացել են Նեպալի և Տիբեթի կողմից: Մագլցողներից շատերը մի քանի անգամ են հաղթահարել Էվերեստի բարձունքը: Իսկ 311 մարդ էլ մահացել է այդ նվաճմանը հասնելու ճանապարհին:
ԱՄՆ
«ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ» X-WING ՄՈԴԵԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԷԼՎԻՍԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԱՃՈՒՐԴԻ
«Աստղային պատերազմների» X-Wing տիեզերանավի մոդելից մինչև Thor ֆիլմի մուրճը. հայտնի ֆիլմերից հուշանվերների հավաքածուն հաջորդ ամիս աճուրդի կհանվի Հոլիվուդում։
Հունիսի 21-24-ը կայանալիք աճուրդում առաջարկվում է ավելի քան 1800 նմուշ: Մասնագետների գնահատմամբ՝ մեծ վաճառքից կգոյանա 7-10 միլիոն դոլար:
Բրենդոն Ալինգեր («Փրոփսթոր» աճուրդի տան աշխատակից) - Այստեղ շատ մեծ տեսականի կա: Կարելի է տեսնել ավելի քան 600 ֆիլմում և հեռուստաշոուում օգտագործված, առարկաների: Հիմնական առարկաներից և հագուստից զատ, կտեսնեք կոլեկցիոն խաղալիքներ, կոմիքսներ, շատ իրեր, որոնք օգտագործվել են ֆիլմերի նկարահանման ժամանակ:
«Աստղային պատերազմների» X-Wing տիեզերանավի մոդելը գնահատված է 500 հազարից մեկ միլիոն դոլար: Աճուրդի տան աշխատակիցները համոզված են, որ այն տեսակի մեջ միակ մոդելն է, որ մինչ օրս պահպանվել է և հանվել մեծ վաճառքի:
Thor ֆիլմից մուրճը գնահատված է 100-150 հազար դոլար, իսկ Top Gun-ի մեջ օգտագործված ռեակտիվ ինքնաթիռը կարող են գնել 30-50 հազար դոլարով: Կան նաև բազմաթիվ իրեր Ուիլ Սմիթի ֆիլմերից, ներառյալ կարճ շորտեր, որոնք նա հագել է Մուհամմեդ Ալիին մարմնավորելիս «Ալի» կենսագրական ֆիլմում, գնահատված է 1500-2500 դոլար, նաև ձեռնոցը, որը դրել է Ջոնի Դեփը «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում, գնահատված է 30-50 հազար դոլար: Իսկ Էլվիս Փրեսլիի կոստյումը, որը երաժիշտը կրել է «Դա տեղի ունեցավ համաշխարհային ցուցահանդեսում» ֆիլմում, կարելի է ձեռք բերել 20-30 հազար դոլարով:
ԲՐԱԶԻԼԻԱ
ԳՐԱՖԻՏԻ` ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ամբողջ Բրազիլիայից գրաֆիտի նկարիչներն ազատության թեմայով նկարազարդումներ են կատարել Բրազիլիայի Three Powers Plaza-ում՝ նշելու հարավամերիկյան պետության անկախության 200-ամյակը:
Այս նախաձեռնությունը Գերագույն դատարանի ծրագրի մի մաս է, որի նպատակն է պայքարել ապատեղեկատվության, կեղծ լուրերի և ատելության խոսքի դեմ: Յուրաքանչյուր նկարազարդում համապատասխանում է Գերագույն դատարանի ՝ քաղաքացիական ազատությունների վերաբերյալ հոդվածի բովանդակությանը:
Շերմի Ֆերեյրա (գրաֆիտի նկարիչ) - Իմ գրաֆիտիի թեման տնտեսական ազատությունն է: Ես պատկերել եմ մի բնիկ կնոջ, որն իր ապրուստը հոգալու համար հագուստ է կարում բնիկների համար:
Նախագծի մասնակիցներին ընտրել է Կարիոկա գրաֆիտիի դպրոցի և Ռիո դե Ժանեյրոյի գրաֆիտիի թանգարանի հիմնադիր Ռաֆայել Արաուխո դուս Սանտուս Բարբոսան։
Գերագույն դատարանի հավաստմամբ՝ «Ազատությունների նախագիծ» կոչվող գիրքը լույս կտեսնի օգոստոսին և կներկայացնի բոլոր գրաֆիտի նկարազարդումները:
ԱՄՆ
ՊԻԿԱՍՈՅԻ ԿՏԱՎԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 67.5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Պաբլո Պիկասոյի 1932 թվականի «Մերկ պառկած կինը» կոչվող կտավը Նյու Յորքի «Սոթբի» աճուրդում վաճառվել է 67.5 մլն դոլարով: Ավելի վաղ «Սոթբի» աճուրդի տունը կանխատեսել էր, որ Պիկասոյի այս կտավը, որը նրա մուսա Մարիա-Թերեզա Վալտերի սյուրռեալիստական պատկերն է, կվաճառվի ավելի քան 60 միլիոն դոլարով: Այդ կինը նկարչի սիրուհին ու բնորդուհին էր, նաև դստեր` Մայայի մայրը:
Այս անգամ Մարիա-Թերեզա Վալտերի նկարը մի փոքր էժան գնով է վաճառվել, քանի որ անցած տարի «Քրիստին» նրա մասնակցությամբ մեկ այլ կտավ վաճառել էր ավելի քան 103 մլն դոլարով:
Այս նկարում Մարիա-Թերեզան պատկերված է բազմաթիվ վերջույթներով ծովային արարածի տեսքով, որի գլուխը հետ է թեքված: Լողի հանդեպ նրա սերը և ջրում իրեն հիանալի զգալու հանգամանքը Պիկասոյին ոգեշնչել են վրձնել այս կտավը: Նկարիչն ինքը լողալ չգիտեր:
Մարիա-Թերեզան 17 տարեկան է եղել, երբ Փարիզում հանդիպել է 45-ամյա Պիկասոյին։ Նրանք գաղտնի հարաբերություններ են սկսել, երբ նա դեռ ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ ռուս-ուկրաինացի բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ։
«Մերկ պառկած կինը» կտավը «Սոթբին» ձեռք է բերել 2008 թվականին, գնել են Պիկասոյի ժառանգներից, որոնք այն պահել են տասնամյակներ շարունակ:
ԱՄՆ
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԵՆ ՄԱՅՔԼ ՋՈՐԴԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
«Քրիստի» աճուրդի տունը մեծ վաճառքի կհանի բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի հինգ զույգ մարզակոշիկներն ու մի բացիկ:
Աճուրդի տունն ակնկալում է, որ այդ մեծ վաճառքից 4 մլն դոլար կգոյանա: Աճուրդը կանցկացվի հունիսի 1-14-ը:
«Քրիստի» աճուրդի տան աշխատակից Քեյթլին Դոնովանի խոսքով՝ Մայքլ Ջորդանը համարվում էր «մարզակոշիկների շուկայի հայրը կամ կնքահայրը»:
Քեյթլին Դոնովան («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Մայքլ Ջորդանը վերցրեց մարզակոշիկները, որոնք հիմնականում նախատեսված էին բասկետբոլի դաշտում հագնելու համար, այսինքն՝ բացառապես սպորտում, և վերածեց նորաձևության առարկաների: Բացի այդ, կարծում եմ, որ Ջորդանը շատ մեծ ժառանգություն է թողել թե՛ հեռուստատեսությունում, թե՛ փոփ մշակույթում: Ուստի այն իրերը, որոնք նա կրել է և ստորագրել, մեծ պահանջարկ են վայելում հավաքորդների շրջանում:
Աճուրդի հանված կոշիկներից երկուսի վրա կա Ջորդանի ստորագրությունը: Դրանցից մեկը նախատեսում են վաճառել մոտ 700 հազար դոլարով:
Աճուրդի տան աշխատակիցները կարծում են, որ 1986 թվականին Ջորդանի ստորագրած այս բացիկը կվաճառվի 2-3 մլն դոլարով:
ԲԵԼԳԻԱ
ՈՏՆԱԿՆԵՐՈՎ ՆԱՎԱԿՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի զբոսայգիներից մեկում մոտ 200 մարդ է հավաքվել: Նրանք մասնակցել են ոտնակներով նավակներով աշխարհի առաջին առաջնությանը:
Այս նավակներն անչափ սիրված են ինչպես Բրյուսելի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: Մարդիկ հաճախ են վարձակալում այս ոտնակներով նավակները ու ջրային զբոսանքի դուրս գալիս տեսարժան Բուա Դե Լա Կամբրե լճակում:
Ժան Քրիստոֆ Գիս (Ոտնակներով նավակներով աշխարհի առաջնության կազմակերպիչ) - Մի քանի պատճառ կա, որ որոշել ենք նման մրցույթ կազմակերպել: Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին՝ մոտ 10 տարի առաջ, այստեղ նման մրցույթ է անցկացվել, ցանկացանք այն վերականգնել, սակայն՝ նորացված տարբերակով: Հասկացանք, որ ճիշտ կլինի օգտագործել հենց ոտնակներով նավակներ: Կան մարդիկ, որ մասնակցում են հաղթելու նպատակով, սակայն կան նաև այնպիսիք, որ պարզապես ցանկանում են հաճելի ժամանակ անցկացնել:
Հարյուրավոր երկրպագուներ ու հանդիսականներ են հավաքվել՝ դիտելու 20 թիմի մասնակցությամբ մրցույթը: Նրանց 4 ժամ է տրվել, որի ընթացքում պետք է հնարավորինս շատ պտույտներ գործեն:
Թեև առաջնության մասնակիցների մեծամասնության համար կարևորը մասնակցությունը, այլ ոչ թե հաղթանակն է, Baywatch թիմը շատ լուրջ է ընդունել այս մրցույթը և բավականին լավ արդյունք գրանցել: Զբաղեցրել է առաջին տեղը՝ կատարելով 42 պտույտ և անցնելով 17 640 մ տարածություն:
ԼԻՏՎԱ
ՄԱՆԿԱՍԱՅԼԱԿՆԵՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ՝ ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Լիտվայի հարավային Մարիյամպոլ քաղաքում անցկացվել է մանկասայլակներով մրցույթ: Սայլակին, սակայն, մանուկների փոխարեն փափուկ խաղալիքներ են նստեցրել:
Այս մրցավազքը կազմակերպել են քաղաքի 230-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Նպատակն է տեղի բնակիչներին խրախուսել հնարավորինս շատ երեխաներ ունենալ:
Յոլիտա (մանկասայլակներով մրցույթի մասնակից) - Այսօր հրաշալի եղանակ է: Հեռվից նկատեցի այս կարմիր մանկասայլակները, մոտեցա, հետաքրքրվեցի, ինձ ասացին, որ մարզական մրցույթ է, որոշեցի մասնակցել: Իրականում սկզբում երեխաներս մասնակցեցին, հետո ինձ էլ ոգևորեցին, և ես էլ մեծ խանդավառությամբ մասնակցեցի: Շատ լավ ժամանակ անցկացրինք, զվարճալի էր նորից մանկասայլակ վարելը:
Մայրաքաղաք Վիլնյուսից 125 կմ հեռավորությամբ գտնվող Մարիյամպոլում ազգաբնակչությունը գնալով նվազում է: Ուստի նպատակ են դրել, որ մյուս տարի այս օրը 230 նորածին երեխա լինի այս նույն վայրում:
ԱՄՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ՝ 162 ՏԱՐԻ ԱՆՑ
Նյու Յորքում 162 տարի անց դարձյալ ճապոնական շքերթ է անցկացվել: Այն առաջին անգամ նախատեսված էր անցկացնել դեռևս երկու տարի առաջ՝ ի նշանավորումն 1860 թվականին ճապոնացի պատվիրակների առաջին այցի 160-ամյակի, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն ստիպված եղան հետաձգել։
Թոմ Բըրնեթը պատմական ճապոնական լուսանկարների հավաքորդ է և ունի 1860 թվականի շքերթի լուսանկարներից:
Թոմ Բըրնեթ (լուսանկարների հավաքորդ) - Այս շքերթը Ճապոնիայի և Ամերիկայի միջև հարաբերությունները հիշատակելու միջոց է: Սրանք անչափ կարևոր հարաբերություններ են: Ճապոնական պատվիրակության առաջին այցը ԱՄՆ 1860 թվականին էր, որը շատ կարևոր ժամանակ էր և՛ Ճապոնիայի, և՛ Ամերիկայի համար, տեղի է ունեցել հենց ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից առաջ և Ճապոնիայում նախքան սյոգունի տապալումը և կայսեր իշխանության հաստատումը:
Ըստ New York Times-ի՝ 1860 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ մեկնած Ճապոնիայի առաջին դեսպանական պատվիրակությունը Ֆիլադելֆիայից ժամանել է Նյու Յորք, և նրանց դիմավորելու համար երթ է անցկացվել: Երկու օր անց հրատարակվել է երթի մասին պատմող հոդվածը:
Այս շքերթին մասնակցել է ավելի քան 2400 մարդ: Նրանցից ոմանք կրել են ճապոնական ավանդական կիմանոներ և պարել ճապոնական ազգային երաժշտության ներքո: Շքերթում կարելի է հանդիպել նաև կերպարների ճապոնական անիմեներից, ճապոնական պարային ու երաժշտական 90 խմբի անդամների:
Ճապոնական շքերթի հաջող վերածննդից հետո կազմակերպիչները լիահույս են հաջորդ տարի նույնպես այսպիսի շքերթ անցկացնել: