Կոտայքի մարզում մայիսի 2-ից ուղևորափոխադրում իրականացնում է միասնական օպերատորը: Հաղթող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պարտավորվել է 10 տարի ապահովել մարզի երթևեկությունը: Բնակիչները մինչդեռ ահազանգում են՝ ուղեվարձը 15-100 տոկոսով բարձրացել է:
Մարտին Գևորգյան (Նոր Հաճնի բնակիչ) - Աբովյան-Երևան երթուղին էլ 200 դրամը դարձել է 300 դրամ: Աբովյանի գյուղերից եղել է, որ 150 դրամով մարդիկ եկել են Աբովյան, բայց այժմ այդ 150-ը կրկնապատկվել և դարձել է 300, եկեք` մի պահ պատկերացնենք էն ընտանիքի վիճակը, որտեղ երկու ուսանող պետք է Երևանում սովորեն:
Աբովյանից, Հրազդանից ու Չարենցավանից մի խումբ քաղաքացիներ հավաքվել, ուղեվարձի բարձրացման դեմ են բողոքում: Նշում են՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մրցույթի մասնակից միակ ընկերության փաթեթն ուսումնասիրելիս հաշվի չի առել ուղեվարձի գնային քաղաքականությունը: Բացի այդ, ըստ նրանց` մեկ օպերատորի գործունեությունը կարող է վտանգավոր լինել:
Գևորգ Հակոբյան (Չարենցավանի բնակիչ) - Օրինակ՝ եթե վաղը կամ մյուս օրը «Մուլտի տրանսը» որոշի գործադուլ անել կամ գործի դուրս չգալ, փաստորեն ամբողջ մարզը պարալիզացվելու է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին՝ նախարարությունը գործել է մրցութային կարգի համաձայն և իրավասու չէ փոխել հաղթող ընկերության ուղեվարձի սակագները.
«Քանի որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետևաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի կողմից ներկայացված սահմանաչափով»։
Ուղեվարձից դժգոհող քաղաքացիները մարզային տրանսպորտի հետ կապված խնդիրները վերլուծել և պատրաստվում են ներկայացնել պատասխանատու գերատեսչություն: Իրենց նպատակին հասնելու համար մարզում նաև ճանապարհ են փակել, ստորագրահավաք նախաձեռնել: Պահանջում են նախկին գինը, բացակայող երթուղիները, ուսանողների համար գործող անվճար կամ զեղչված երթուղիները վերականգնել:
Ուղևորափոխադրում իրականացնող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից ուղեվարձի բարձրացումը պայմանավորում են ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, դրանց տեխնիկական սպասարկմամբ ու վառելիքի թանկացմամբ: Ընկերությունը ռուսական և չինական արտադրության 156 միկրոավտոբուս և ավտոբուս է ներկրել, ևս 40-ն էլ կստանան մոտ երկու ամսից: Արթուր Դալլաքյանը վստահեցնում է՝ եթե տարբերակ ունենային, ուղեվարձը չէին փոխի:
Արթուր Դալլաքյան («Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն) - Այսօրվա և անցած տարվա այս օրվա տարբերությունը մոտ 40 տոկոսի տարբերություն է տվել: Եթե այսօր 30-40 տոկոս էլ թանկանա վառելիքը, ես չեմ կարողանում ուղեվարձ թանկացնեմ, որովհետև պարտավորություն ու համապատասխան պայմանագիր ունեմ ՏԿԵ նախարարության հետ: Այսինքն` բնակչությունը պետք է նաև այս մասը հասկանա` թանկացման այս մասը. դա 10 տարվա համար է:
Քաղաքացիները դժգոհում են նաև, որ փոփոխություններից հետո Եղվարդ-Նոր Հաճն, Չարենցավան-Լուսակերտ, Աբովյան-Ակունք, Աբովյան-Ջրաբեր և Աբովյանի ներքաղաքային գծերը չեն գործում: Բացի այդ, ստիպված են լինում կանգառասրահում տրանսպորտին ավելի երկար սպասել ու խցկված երթևեկել:
Ռոզա Ադյան (Բյուրեղավանի բնակիչ) - Շարժվում են ըստ իրենց հարմարության: Եթե նախկինում մինչ այս 10 րոպեն մեկ ինտերվալով Բյուրեղավան-Աբովյան շարվում էր տրանսպորտը, հիմա 20 րոպեն մեկ, 30 րոպեն մեկ, ավելի երկար ենք սպասում կանգառներում:
Արթուր Դալլաքյանը, արձագանքելով չգործող երթուղիների խնդրին, նշեց՝ հարցն իրենց օրակարգում է, և շուտով այդ համայնքներում կլինեն նոր երթուղիներ, փուլ առ փուլ կվերականգնեն նաև Եղվարդի, Հրազդանի ու Նոր Հաճնի տարածաշրջանների ներմարզային երթևեկությունը, որոնք օրական նվազագույնը 4 շրջապտույտով 8 երթ կիրականացնեն:
Արթուր Դալլաքյան - Չի լինելու որևէ համայնք կամ որևէ գյուղ, որը չի սպասարկվելու: Մենք այսօր սպասարկում ենք գյուղեր և համայնքներ, որտեղ որևէ տեսակի օգուտ ընկերությունը չունի, 0 կարգավիճակ և նաև կարելի է ասել՝ մինուս կարգավիճակ, բայց դա պարտավորություն ա եղել օպտիմալացման շրջանակներում:
Թե ինչպե՞ս կամ ո՞վ պետք է լուծի Կոտայքի մարզում ուղեվարձի խնդիրը՝ հայտնի չէ, բայց քաղաքացիները մտադիր են շարունակել ուղեվարձի իջեցման արշավը:
Տաթևիկ Մանուկյան (Աբովյանի բնակիչ) - Ամբողջ Կոտայքի մարզում ունենք 10000-ից ավելի ձայն-ստորագրահավաք, որը կարող ենք ներկայացնել համապատասխան մարմիններին, ովքեր կցանկանան: