Բռնցքամարտի տոնը մեկնարկած է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը, որը, ըստ մասնագետների, լավագույնն էր մարզաձևի պատմության մեջ: Այդ մասին ասված է Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։
«Բացման արարողության ժամանակ կազմակերպիչները ներկայացրեցին աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ:
Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվեց Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ուժը: Հայաստանում առաջին անգամ կիրառվեցին նաև կինետիկ գնդեր:
Երկրների ներկայացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էր: Մարզիկների կողմից երդման արարողությունը կատարեց աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:
Առաջնության բացման արարողությանը ներկա էին նաև Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը նաև մարզաշխարհի և կառավարության մի շարք պաշտոնատար անձինք:
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը իր ելույթում, արդեն որպես փաստ ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»,- նշված է գրառման մեջ: