Խարդախություն, գողություն, թրաֆիքինգ, սպանություն: Հայաստանում կանայք մեծամասամբ այս հանցանքների համար են բանտում հայտնվում: Վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում կանանց համար նախատեսված միակ՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորվածների նվազման հստակ միտում է նկատվում:
Աբովյան քրեակատարողական հիմնարկում՝ առավել հայտնի որպես Կանանց գաղութ, 61 կին կա, որից 34-ը կալանավորված, 27 ը դատապարտյալ:
Համեմատության համար՝ 2018թ-ին պատիժը կրող կանանց թիվը կրկնակի ավելի էր՝ 125 (39 կալանավորված, 86 դատապարտյալ): 19-ին 72 անձ (25 ը կալանավորված, 47 դատապարտյալ), 2020-ին 69 անձ (35 կալանավորված, 34 դատապարտյալ), նախորդ տարի վերջին տարիների համեմատ Աբովյան ՔԿՀ ում ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 46 կին (17- ը կալանավորված 29- ը դատապարտյալ):
Աբովյան քրեակատարողականում դատապարտված են հիմնականում խարդախության, գողության, կողոպուտի, թրաֆիքինգի կամ սպանության համար:
Կիսաբաց ուղղիչ հիմնարկում 15 դատապարտյալ է պատիժը կրում: Արդեն 7 տարի ճաղերից այն կողմ ապրող Կարինեն 4 երեխա, 3 թոռնիկ ունի, ամենափոքրը 3 ամսական է, տեսնել դեռ չի հաջողվել:
Կարինե Ղումաշյան (դատապարտյալ) - Սկայպով եմ տեսել, շատ եմ կարոտում իրանց ու նաև հույս ունեմ, որ դուրս կգամ ու կտեսնեմ:
Ասում է` թյուրիմացաբար է այստեղ հայտնվել, պատճառաների մասին խոսել, տարիներ առաջվա եղածը մանրամասնել չի սիրում: Ավելի քան 6 տարի մեկուսարանում պատիժը կրելուց հետո մեկ տարի է` ավելի բարվոք բանտային պայմաններ է տեղափոխվել՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ: Եվս 5 տարի դեռ պետք է ճաղերից այն կողմ անցկացնի, բայց մի քանի ամսից վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացնելու: Կարինեի խոսքով` ՔԿՀ-ներում դասընթացները իրենց կյանքը փոխելու հնարավորություն են տալիս ու ամենևին ձևական բնույթ չեն կրում: Վառ ապացույցն ասեղնագործ աշխատանքները ցուցահանդես վաճառքներին ներկայացնելն ու ստացած եկամուտն է:
Կարինե Ղումաշյան - Անգլերենի դասընթացների եմ մասնակցել, կավագործություն, բիզնես պլան, համակարգիչ, հետագայում ես բիզնես եմ բացելու, շատ շատ բաներ: Ցուցահանդես վաճառքին իմ ձեռքի աշխատանքներից վաճառվել է, ես շատ ուրախ եմ, պատվոգիր եմ ստացել:
Կանանցից շատերն են ակտիվ մասնակցում դասընթացներին՝ հավատալով՝ ճաղերից այն կողմ կկարողանան ստացած գիտելիքով աշխատանք գտնել: Այս պահին 6 դատապարտյալ, օրինակ, վարսահարդարում է սովորում:
Շուշան Մաթևոսյան (հոգեբան) - Շաբաթը երկու անգամ մասնագետ է հրավիրված, վարսահարդարման դասընթացներ են անցկացնում, սովորում են ներկել, կտրել, հարդարել, նյութերի հետ աշխատանք:
ՔԿՀ-ում պահեստասենյակի մաքրության պատասխանատուն Նարինեն է, խարդախության համար դատապարտված կինը գրեթե 3 տարի պատիժը կրում է, 3 երեխայի մայր է, ասում է` հիմնական դժվարությունը արտաքին աշխարհի հետ շփման բացակայությունն է: Կիսաբաց ռեժիմում պատիժը կրելուց հետո օրը աշխատանքով է լցնում:
Ռուբինա Մխիթարյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Ներկա պահին դատապարտյալներից աշխատում է 17-ը, 15-ը ներգրավված են ՔԿՀ-ի ներսում կազմակերպվող աշխատանքներում, իսկ 2 -ը բաց ուղղիչ հիմնարկում են, ներգրավված են հիմնարկից դուրս գործատուների հետ:
Տարածքի մաքրությունն էլ ապահովում է Վերան, 51 հազար դրամ աշխատավարձ է ստանոմ, չի դժգոհում. առավոտը` սպորտ, հետո մաքրություն, դե փոքրիկն էլ միշտ կողքին է լինում: Որդին կանանց գաղութում է ծնվել, մայրը 4 ամսական հղիությամբ է մուտք գործել հիմնարկ՝ դիտավորությամբ ՄԻԱՎ տարածելու պատճառով:
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Աբովյան ՔԿՀ այցի ընթացքում արձանագրել է, որ Աբովյան ՔԿՀ ում բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կալանավորվածների և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները համապատասխան կահավորված չեն, բացակայում է մանկական կահույքը, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Շատ մտահոգիչ ու վտանգավոր էր տեսնել որ մինչև 3 տարեկան երեխա խնամող կին դատապարտյալները կամ կալանավորված կանայք չունեին բավարար տարրական պայմաններ երեխաների նկատմամբ խցերում խնամքը ապահովելու, երեխաների համար սնունդը ապահովելու կամ առաջին բժշկական ջերմիջեցնողները ապահովելու, նաև ֆիզիկական պայմանների մասով:
Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր խնդիրները ներկայացրել է Արդարադատության նախարարությանը, բայց պարզաբանումները չեն բավարարել, նախարարությունը, ըստ Գրիգորյանի, խնդրի լուծման ուղիներ չի ներկայացրել: