Մայիսի 22-ին ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում։
«Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել:
Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:
Նշենք, որ աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են Արցախի ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ»,- նշված է գրառման մեջ: