Որպեսզի վերամշակող ընկերությունների առաջ հերթեր չգոյանան, կամ գյուղացին չիմանա՝ բերքը որ գործարան տանել, այս տարի պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերումները կկազմակերպվեն նոր կարգով: Սահմանվել են պայմանագրերի կնքման վերջնաժամկետներ:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ) - Ծրագրից կարող են օգտվել պտուղ-բանջարեղեն մթերող այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր կկնքեն մինչև հունիսի 1-ը, իսկ խաղող մթերողների համար միայն այն տնտեսվարողների վարկերը կսուբսիդավորենք, որոնք պայմանագրեր կկնքեն մինչև հուլիսի 1-ը:
Հետայսու և՛ ֆերմերները, և՛ վերամշակող ընկերությունները հստակ կկարողանան պլանավորել իրենց բիզնեսը: Պայմանագրերով աշխատելու մեխանիզմն անցած տարիներին էլ եղել է, սակայն փաստաթուղթը կնքվում էր մթերումից մի քանի օր առաջ: Պայմանագրային փոխհարաբերությունները պետք է լինեն կոչ թե տարեկան, այլ երկարաժամկետ՝ ասում է էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն: Այս տարի ևս կգործի պետական աջակցության 50 տոկոս վարկային երաշխիքի մեխանիզմը, որից նախորդ տարի հիմնականում օգտվել են խաղող մթերողները, այս տարի վարկային առավելությունից կարող են օգտվել նաև պտուղ-բանջարեղեն մթերողները:
Գևորգ Ղազարյան - Ենթադրենք՝ տնտեսվարողն ուզում է ներգրավի վարկային միջոցներ, բայց իրա գրավը չի բավարարում վարկը ներգրավելու համար, և գրավի այն պակասող մասի համար պետությունը մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք է տրամադրում:
Այս տարի պետությունը խաղողի մթերման համար կսուբսիդավորի մինչ 4 մլրդ դրամի վարկերի, իսկ պտուղ-բանջարեղենի համար՝ մինչև 3 մլրդ վարկերի 10 տոկոսը: Անցած տարի 117 ընկերություն կաթի, պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերման նպատակով ավելի քան 27.5 մլրդ վարկ է ստացել:
Այս տարի պտուղ-բանջարեղենի մեծ պահանջարկ կա՝ վերամշակողները պատրաստ են մթերել 98.5 հազար տոննա բանջարեղեն, 44.8 հազար էլ պտուղ: