Ավելի քան 120 երիտասարդ Շիրակի մարզի տարբեր գյուղերից ու քաղաքներից այսօր մասնակցում էր տվյալագիտությանը նվիրված միջոցառմանը, որն իրականացվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի՝ ԱՄՆ ՄԶԳ կղմից ֆինանսավորվող ծրագրի և ինովացիոն տեխնոլոգիական մի շարք կազմակերպությունների հետ գործակցությամբ։
Լուսինե Ղուկասյան (Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի կրթական բաղադրիչի ղեկավար) - Մենք ուզում ենք օգնել 10 հազար երիտասարդներին ստանալ նոր մասնագիտություն բարձր տնտեսագիտական ոլորտում, որն ունի մեծ պահանջարկ, և մեկը կարող է լինել տվյալագիտությունը։
Միջոցառումը կրում էր «Կանայք տվյալագիտության մեջ» խորագիրը։ Այն կազմակերպում է Սթենֆորդի համալսարանը աշխարհի շուրջ 200 բնակավայրում և ներկայացնում է կանանց, որոնք կարևոր ներդրում ունեն տվյալագիտության մեջ։
Քննարկումների ընթացքում ներկայացվեց, թե ինչպես են տվյալները նպաստում քաղաքականությանը, բյուջեների ձևավորմանը, ինչպես նաև կյանքեր փրկելուն։ Ներկայացվեց Safe you հարթակը, որը կարող է կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը:
Միջոցառման վերջում «տվյալագիտությունը` որպես մասնագիտական աճի միջոց» քննարկումն էր, ինչպես է տվյալագիտւթյունը փոխում գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտների ապագան։
Համաժողովից հետո հայտարարվեց՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը կաշխատի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ՝ իրականացնելու տվյալագիտության պիլոտային դասընթաց, որը հնարավորություն կտա տեղացի երիտասարդներին ձեռք բերել վերլուծական հմտություններ ու փորձ՝ ճիշտ բիզնես որոշումներ կայացնելու համար։