Ֆիննական Gasgrid Finland գազատրանսպորտային ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման մասին: Ֆինլանդիայի պետական Gasum ընկերությունը ևս հաստատել է մատակարարման դադարեցման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր մայիսի 21-ի առավոտյան Ֆինլանդիա գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Այդ որոշումը կայացվել էր, երբ մայիսի 17-ին Gasum-ը հրաժարվել էր ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց:
Հաստատելով մատակարարումների դադարեցումը՝ «Գազպրոմից» հայտնել են, որ Ֆինլանդիան չի վճարել նախորդ ամսվա մատակարարումների գումարը:
Ֆիննական ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստ էր նման իրավիճակի. առաջիկա ամիսներին գազը սպառողներին կմատակարարվի այլ աղբյուրներից Balticconnector խողովակաշարով, որը Ֆինլանդիան կապում է Էստոնիային: Նշվում է, որ երկրի գազային համակարգն այս պահին կայուն է։
Ֆինլանդիան Ռուսաստանից բնական գազ էր ներկրում ավելի քան 45 տարի։ 2015 թ. դեկտեմբերին գազի մատակարարման մասին պայմանագիրը երկարացվել էր մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։