«ԱԶՈՎՍՏԱԼՆ» ՈՒ ՄԱՐԻՈՒՊՈԼԸ ՌԴ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինական զինծառայողներից «Ազովստալի» և Մարիուպոլի տարածքի հանդեպ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական կողմին են գերի հանձնվել վերջին 531 գրոհայինները։ Մայիսի 16-ից, ընդհանուր առմամբ, զենքը վայր է դրել 2439 զինծառայող»,- մանրամասնել է նա։
Ուկրաինայի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ ռուս զինվորականներին գերի հանձնված «Ազովստալի» պաշտպանները երկրի ԶՈՒ հրամանատարությունից «դուրս գալու և փրկվելու» ազդանշան են ստացել։ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ Մարիուպոլում ռուսական հակաօդային պաշտպանության պատճառով ուկրաինական կողմը կորցրել է մեծ թվով ռազմական օդաչուների, որոնք փորձել են ուղղաթիռներով հասնել արդյունաբերական գոտում արգելափակված զինվորներին։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է երկրի գործընկեր պետություններին բազմակողմ համաձայնագիր կնքել, որով նախատեսում է բռնագրավել արտասահմանում ռուսական ակտիվները և դրանք փոխանցել Կիևին և Ռուսաստանի զինված ուժերից տուժած այլ պետությունների։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարողանում հասանելիություն ստանալ արտասահմանում սառեցված ռուսական ակտիվներին, և ընդգծել այդ խնդիրը լուծելու համար միջազգային լեգիտիմ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ակտիվները ուկրաինական կողմին փոխանցելու՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի նախաձեռնությունը գողություն է անվանել։
ԷՐԴՈՂԱՆ-ՋՈՆՍՈՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային մի շարք հարցեր, անդրադարձել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի մերժողական դիրքորոշմանը։ Ջոնսոնը հույս է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները շուտով կհարթվեն։
Էրդողանը հայտարարել է՝ Անկարան ցանկանում է համոզվել, որ Ստոկհոլմը և Հելսինկին կպահպանեն Հյուսիսատլանտյան դաշինքի արժեքները։
«Գլխավոր խնդիրն այդ երկու երկրի հարաբերություններն են Քրդստանի աշխատավորական կուսակցության վերահսկողության տակ գտնվող անհատների և կազմակերպությունների հետ։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետևանքով Թուրքիայի օրինական շահերը չեն տուժի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Կողմերը պայմանավորվել են նաև գործակցել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու հարցում։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննարկել են Ուկրաինայում զարգացումները և հաստատել Մոլդովային աջակցության անհրաժեշտությունը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։ Նրանք կարծիք են հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը սպառնում է համաշխարհային պարենային անվտանգությանը։
Կողմերը նաև ողջունել են Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը՝ դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ընդգծել՝ Հելսինկին և Ստոկհոլմը կնպաստեն եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային ռազմական աջակցության տրամադրման հարցը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։
Լիզ Թրասի պնդմամբ՝ պատճառը Ռուսաստանից Մոլդովային սպառնացող ռազմական վտանգն է։ Թրասը հավելել է, որ Լոնդոնն աշխատում է Ուկրաինայի և Լեհաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ՝ ուկրաինական պաշտպանությունը համապատասխանեցնելու ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Ավելի վաղ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Բալթյան երկրների և Մոլդովայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին Լիզ Թրասի խոսքը բրիտանական կեղծ լուրերի վառ օրինակ է։
ՌԴ-Ն ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱ
Ֆիննական Gasgrid Finland գազատրանսպորտային և պետական Gasum ընկերությունները հայտնել են Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման մասին:
Ռուսական «Գազպրոմը» նույնպես հաստատել է այդ տեղեկությունը․ նման որոշում է կայացվել, երբ մայիսի 17-ին Gasum-ը հրաժարվել էր ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց:
Ֆիննական կողմը տեղեկացրել է՝ պատրաստ էին նման իրավիճակի. առաջիկա ամիսներին գազը սպառողների կմատակարվի այլ աղբյուրներից։
ԱՄՆ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՈՒՄ
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, որը նշանակվել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգողի պաշտոնում, տեղեկացրել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերին հեռահար խոցման միջոցներ փոխանցելու հնարավորությունը։
Չնայած դրան՝ նա հավատացրել է՝ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ուկրաինայի շուրջ լարվածությունը սրվի։ Քիրբիի խոսքով՝ ամերիկյան կողմը փորձում է ամրապնդել ուկրաինացի զինծառայողների առավելությունը մարտի դաշտում, ինչը կամրապնդի նաև Կիևի դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։