Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով Հայաստանը բախվել է տեղահանության ևս մեկ ալիքի՝ Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Միգրացիայի դիտարկման առաջին միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ) - Արցախից տեղահանվածներից մեծ թվով անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո:
Այս բարձր ամբիոնը ևս ադրբեջանական կողմը փորձել է քարոզչական հարթակ դարձնել. Ադրբեջանի միգրացիոն ծառայության պետը հայտարարել է, թե նոր իրողությունները յուրօրինակ հնարավորություն են ստեղծել համակողմանի գործակցության համար, ինչը կարող է նվազեցնել տարածաշրջանում նոր պատերազմի ռիսկերը: Սևինջ Մաստիևան, բնականաբար, չի մոռացել տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին: Ադրբեջանցի պաշտոնակցին արձագանքել է Արմեն Ղազարյանը:
Արմեն Ղազարյան - Այս ֆորումը լավագույն վայրերից մեկն է, որտեղ պետք է անդրադարձ կատարվի միջազգային միգրացիոն խնդիրներին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Սա քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վայր:
Հայաստանի միգրացիոն ծառայության պետը նաև ներկայացրել է, որ Հայաստանում վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է եղել այն փախստականների բնակարանային խնդրի լուծմանը, որոնք տասնամյակներով սպասման մեջ էին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան