Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: Բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 քաղաքացի է այցելում: Տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձևավորել է հստակ պատկեր:
«Առաջարկությամբ հանդես ենք գալիս կառուցվածքային փոփոխությունների, ինչն իրենից ենթադրելու է առավել արդյունավետ կառավարում պոլիկլինիկաներում: Առաջարկությամբ փոքր պոլիկլինիկաները միանալու են մեծ բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին, և այդ ամենով ընդլայնելու ենք մեր բժշկական ծառայությունները, ինչպես նաև միջոցներ ենք գեներացնելու պոլիկլինիկաների վերազինման, զարգացման համար, բարելավվելու են շենքային պայմանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Համեմատաբար փոքր թվաքանակով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում խնդիրները տարբեր են. դրանք պարունակում են ինչպես բուժական, այնպես էլ արդյունավետ կառավարման ու հարմարավետ պայմանների ապահովման բաղադրիչ:
«Այս ընթացքում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր թվով բնակչություն սպասարկող առաջնային օղակի մեր կառույցներն ունեն քրոնիկ խնդիրներ: Այդտեղ միայն ֆինանսական կոմպոնենտը չէ, շատ մեծ կոմպոնենտ կա նաև հենց բժշկական ծառայությունների մատչելիության և հասանելիության առումով: Օրինակ՝ փոքր պոլիկլինիկաները քրոնիկ խնդիր ունեն դեղորայքային ապահովման, որովհետև երբ իրենք մրցույթ են հայտարարում փոքր լոտերի դեպքում մատակարար կամակերպությունները շատ հաճախ հետաքրքրված չեն լինում մասնակցել այդ մրցույթներին, և մեկ, երկու ամսով միգուցե հետաձգվում է դեղերի մատակարարումը, ինչը բերում է քաղաքացիների դժգոհության, որովհետև պետության կողմից ստանձնած պարտավորության շրջանակում դեղը, որը պետք է ստանար, չի ստանում: Խոշոր պոլիկլինիկաներում պատվերի չափն ավելի մեծ է լինում և ավելի հետաքրքիր է լինում մատակարար կազմակերպություններին, արդյունքում համ մատակարարման խնդիր չենք ունենում, համ մեծ քանակի դեպքում լավ զեղչեր ենք ստանում»,- նկատում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Մենք այսօր ունենք կատարված հաշվարկներ, որ փոքր բնակչություն սպասարկող ընկերությունները չեն կարողանում համապատասխան միջոցներ գեներացնել իրենց առօրյա ծախսերը հոգալու համար, այդ թվում վերազինում իրականացնելու նպատակով և հենց այդ ամենով պայմանավորված միացման արդյունքում, բնականաբար, ֆինանսավորումը ևս մեծանալու է, և ավելի մեծ բնակչություն սպասարկող ընկերություններում այդ խնդիրը չունենք: Միացումը բերելու է նրան, որ արդյունավետ կառավարման ներքո տվյալ պոլիկլինիկաներն ավելի լավ ու ճիշտ են աշխատելու»,- ասում է Յակով Ասատրյանը:
Վերակազմակերպման գործընթացի հիմքում կդրվի նաև այն համաբուժարանների հաջողված օրինակը, որոնք ճիշտ կառավարման արդյունքում ապահովել են զարգացում ու վայելում են բնակչության վստահությունը:
«Փոքր պոլիկլինիկաներում մենք որքան էլ ներդրում անենք, հիմնանորոգենք կամ նոր շենք կառուցենք, միևնույն է, գործող ֆինանսավորման տրամաբանության մեջ իրենք 5-10 տարի հետո նույն վիճակում են հայտնվելու, այսինքն՝ չեն կարողանալու ընթացիկ վիճակը պահել: Մենք այսօր ունենք խոշոր պոլիկլինիկաներ, որոնք 50 հազարից ավելի բնակչություն են սպասարկում, և այսօր, եթե նայենք, մենք այդտեղ մեծ ներդրումներ չենք արել, բայց մի փոքր արդյունավետ կառավարման դեպքում նույնիսկ ունենք շատ գովելի արդյունքներ: Հիմա ցանկանում ենք այդ հաջողված փորձը տարածել մյուս կենտրոնների վրա և բնակչության մոտ վերադարձնել հավատն ու վստահությունը դեպի առաջնային օղակ և այս ամեն ինչով թերբեռնել հիվանդանոցային օղակը»,- ընդգծում է Գևորգ Սիմոնյանը:
Համակարգային փոփոխություններին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն երևանյան երկու պոլիկլինիկայում: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվել են Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 5 և Ավանի թիվ 12 պոլիկլինիկաները:
«Ընտրվել են այն պոլիկլինիկաները, որոնք միակն են վարչական շրջաններում: Այսինքն՝ դրանց հիմնանորոգումը մի ամբողջ վարչական շրջանի մոտ բերելու է գոհունակության բարձրացման, վստահության վերականգնման»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Պոլիկլինիկաներում հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով համայնքն այսօր ծրագրեր է դիտարկում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ:
«Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերների աջակցությամբ՝ դրամաշնորհային միջոցների շրջանակում խորհրդատու ընկերություն է վարձվել, որն իրականացնում է Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումանսիրությունը: Ի թիվս մի շարք մանկապարտեզների՝ դիտարկում ենք նաև պոլիկլինիկաներ ներգրավվելու հնարավորությունը: Այս պահին ուսումնասիրված են չորս պոլիկլինիկաներ, որոնք նախատեսում ենք ներգրավել, քննարկվում է նաև հինգերորդ պոլիկլինիկայի հարցը»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:
Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն արդեն ավարտական փուլում են: Դրան կհաջորդի նախագծման գործընթացն ու կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:
«Այս ծրագրով մեր մոտեցումը մի քիչ այլ է, բացի վերանորոգման աշխատանքներից իրականացնում ենք նաև շենքի սեյսմիկ վիճակի ուսումնասիրություն, սեյսմիկ ամրացում, կապիտալ հիմնանորոգում և էներգաարդյունավետության բարձրացում, որն ընդգրկում է շենքերի տանիքներին արևային պանելների, ջրատաքացուցիչների, էներգախնայող լուսատուների տեղադրում, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ծախսային բաղադրիչը հետագա շահագործման ընթացքում»,- ասում է Նորա Մարտիրոսյանը:
Առաջնային օղակի, առաջնային խնդիրների լուծումը, որքան էլ ծանր թվա, այնուհանդերձ անհրաժեշտ է և անխուսափելի: Համալիր ու հիմնարար լուծումների արդյունքում միայն հնարավոր կդառնա պոլիկլինիկաները քաղաքացիների համար դարձնել առավել հասանելի և վստահելի։