Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։
Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը: Հակոբյանը հիշել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։
Ներկայացնելով իր գործունեությունը՝ Լիտվայի նախագահի տիկինն ընդգծել է, որ դրա հիմքում առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզն է։ Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել բուժում ստացող երեխաների հետ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿՆԱՅՔ՝ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆՈՒՄ
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների խումբը սովորականի նման իրենց սիրելի խաղերով էր զբաղված, երբ նրանց հյուր եկան Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն:
Հյուրերը շրջեցին նաև հիվանդասենյակներում, ծանոթացան բուժվող երեխաների հետ, մաղթեցին, որ ուժեղ լինեն ու շուտ առողջանան:
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ
Արյունաբանական կենտրոնի աշխատակազմի համար անսպասելի էր Լիտվայի դեսպանատան նախապատրաստած հուշագիրը, որով հայաստանցի մասնագետներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Լիտվայում, ծանոթանալ իրենց երկրի փորձին: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ասաց՝ թեպետ դեսպանի հետ որոշակի խոսակցություն այդ թեմայով ունեցել են, չէր սպասում, որ դա այսքան արագ կառարկայանա:
Սամվել Դանիելյան (ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Անակնկալ էր ինձ համար, ուրախ անակնկալ էր, որովհետև մեր բժիշկների աշխարհագրությունը բավականին լայն է, և հիմնականում վերապատրաստվում են արևմտյան կլինիկաներում, բայց լիտվական հրավերը մեզ համար նույնքան կարևոր նշանակություն ունի: Մոտավորապես գիտեմ, թե ինչ մակարդակի է իրենց բժշկությունը և օնկոհեմատոլոգիան, մասնավորապես` մանկական օնկոհեմատոլոգիան: Սիրով կուզենամ համագործակցել, սա մի նոր կետ կլինի Հայաստանի համար համագործակցության, և, ենթադրում եմ, որ փոխադարձ շահավետ կլինի:
Արյունաբանական կենտրոնում իր ուրույն տեղն ունի արդեն բուժված երեխաների երազանքների ծառը, որը միշտ կանաչ է: Ցանկացողները դրանից կախել են իրենց նկարներն ու մտապահել նվիրական երազանքը:
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԾԱՌՆ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
16-ամյա Էդուարդի բուժումը դեռ չի ավարտվել, որ որոշի՝ իր երազանքն էլ ծառին պատմե՞լ, թե՞ ոչ: Արդեն մեկ տարի այստեղ անցկացնելուց հետո թե դեռ ինչքան է տևելու բուժումը՝ պատկերացում չունի, բայց մի բան հաստատ գիտի:
Էդուարդ Շահվերդյան - Ես էլ եմ մտածում, որ պրծնեմ այս բուժումը, ես էլ կգամ միշտ, կօգնեմ: Մտածում եմ՝ խոհարար դառնալ, բայց էս տեղը չմոռանալ, որովհետև ինձ այս տեղը սովորեցրեց, թե կյանքը ոնց է փոխվում, թանկ բաները կյանքի ինչն է՝ ընտանիքը, առողջությունը:
Իրենից հետո բուժվող երեխաների կողքին լինելու որոշումը այսօրվա հյուրերի այցից հետո ամրապնդվել է:
Էդուարդ Շահվերդյան - Անսպասելի էր, մենք չէինք սպասում: Ես կոնկրետ (իմ մասին խոսեմ) չէի սպասում, որ իրենք այսպիսի նվերներ կանեն, որ երեխաները կուրախանան, որ կգան, կխոսեն մեզ հետ:
Հեղինակ` Աննա Զախարյան