Հայաստանը 2 միլիոնից ավելի (2.006.600) պոտենցիալ աշխատողի կարիք ունի: Առկա աշխատուժը, սակայն, մոտ 1 մլն 174 հազար է (1.173.800), զբաղվածություն ունեն մոտ 994 հազարը (993700), իսկ գործազուրկ է 180 հազարը: Սա Վիճակագրական կոմիտեի՝ աշխատանքի շուկայի 2020-2021 թթ. միջին տարեկան ցուցանիշն է: 180 հազար գործազուրկի ֆոնին նաև կան ամիսներ շարունակ չլրացվող թափուր աշխատատեղեր, միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հարթակում այս պահին 3044 թափուր աշխատատեղ կա:
Հրայր Հակոբյան (ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ աշխատանքային ներուժի զարգացման վարչության գլխավոր մասնագետ) - Գրեթե 60 տոկոսը մեկ ամսից ավելի է՝ թափուր աշխատատեղերն են, հավաքագրված են շուրջ 400 մասնագիտությունների գծով:
Միջինը 140-150 հազար դրամ առաջարկվող աշխատավարձով գործատուներն ամիսներ շարունակ աշխատող չեն գտնում: Միասնական սոցիալական ծառայությունը գործակցում է շուրջ 20 հազար գործատուի հետ: Պահանջված մասնագիտությունների ցանկը գլխավորում են կարողները, այս պահին գործատուները 219 թափուր հաստիք ունեն: Կա նաև բանվորների, հավաքարարների, գանձապահների մեծ պահանջարկ: Գործատուները նաև բարձր վարձատրվող մասնագետների պահանջ ունեն՝ ծրագրավորող, իրավաբան, բժիշկ, մենեջեր:
Հրայր Հակոբյան - Եթե մարզերի կտրվածքով նայենք, առավելագույն թափուր աշխատատեղերն ամրագրվել են Երևան քաղաքում՝ 43 տոկոսն է կազմում՝ 1305 աշխատատեղ, Շիրակի մարզը՝ 12 տոկոս՝ 358 թափուր աշխատատեղ, Տավուշի մարզը՝ 9 տոկոս՝ 276 աշխատատեղ, Կոտայքի մարզը՝ 9 տոկոս՝ 255 աշխատատեղ:
Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ՝ միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված է 80 հազարից ավելի աշխատանք փնտրող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10.8 տոկոսով պակաս: Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում շուրջ 23 հազար մարդ առաջին անգամ է աշխատանք փնտրում, նրանց 35 տոկոսը 16-29 տարեկան երիտասարդներ են: Աշխատանք փնտրողներից 55 հազարը գործազուրկ են: Նրանց 94.7 տոկոսը աշխատաշուկայում մրցունակ չէ՝ ցավով արձանագրեց նախարարության պաշտոնյան:
Թամարա Թորոսյան (ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ) - Կանանց թվաքանակը կազմում է շուրջ 35 հազար, երիտասարդներինը՝ 16-29 տարեկան, կազմում է 17 տոկոսը, այսինքն՝ մոտ 10 հազար երիտասարդ, և հաշմանդամություն ունեցող մարդիկ 4.4 տոկոս են կազմում՝ 2.5 հազար մարդ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ գործակցությամբ կանանց համար նոր ծրագիր է իրականացնում:
Թամարա Թորոսյան - Կանանց զորեղացման ծրագիր է իրականացվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրանց զբաղվածության խթանման համար: Մասնակցության 100 հայտ է ներկայացվել, սակայն այս պահին 42 շահառուներ են կարողանում մասնակցել ծրագրին, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարողանան աշխատել:
Մեր երկրում hումանիտար գիտությունների, մանկավարժության, տնտեսագիտական ու կառավարման բարձրագույն կրթություն ունեցողները շարունակում են դժվարությամբ աշխատանք գտնել: Իսկ աշխատանք փնտրողների գերակշիռ մասը՝ 65.2 տոկոսը, մասնագիտություն չունի: Այս տարի նվազել է գյուղաբնակների շրջանում աշխատանք փնտրողներ թիվը:
Թամարա Թորոսյան - Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.2 տոկոսը՝ շուրջ 32 հազար մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 34 հազար է:
Աշխատանքի թափուր հաստիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջ, սեղմել «Թափուր հաստիքներ» բաժնի վրա ու ծանոթանալ առաջարկվող աշխատանքներին:
Հեղինակ՝ Անի Օհանյան