Հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք, 50-ը ուսումնասիրման փուլում են՝ հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Մարդկանց շրջանում հիվանդության դեպքեր են գրանցվել 11 ոչ էնդեմիկ երկրներում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում։
ԱՀԿ-ն փորձում է պարզել վարակի տարածման պատճառները և նախազգուշացնում՝ ամռան ամիսներին Եվրոպայում կապկի ծաղիկ հիվանդության տարածման մեծ վտանգ կա։
Փորձագետների խոսքով՝ վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդի հետ ֆիզիկական սերտ շփման արդյունքում: Սա հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, հիմնականում մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից: Ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։