Նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությամբ երկուստեք վերահաստատվել է նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու գործին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Անդրադառնալով Հայաստանում անցկացվող ակցիաներին՝ դիվանագետը նշել է. «Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց՝ արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով, իսկ իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերելու և խրախուսելու բողոքողներին՝ զերծ մնալու բռնությունից, հարգելու օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպմամբ մեկնարկում է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը հանձնառու է է՛լ ավելի ամրապնդելու երկկողմ հարաբերությունները՝ համահունչ ընդհանուր ժողովրդավարական արժեքներին, և շարունակելու համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ:
Պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպմանը կողմերը ստորագրել են նաև միջուկային համագործակցության փոխըմբռնման հուշագիր՝ ճանապարհ հարթելով միջուկային հարցերում համագործակցության ընդլայնման համար, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումը:
Փրայսի խոսքով՝ Բլինքենն ու Միրզոյանը քննարկել են նաև Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական օրենքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների շուրջ երկխոսությանը: