Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ՝ Բույար Օսմանիի հետ։ Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ գործակցությունը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության ընթացքում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը։
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի տեսակետն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասներն Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչին: Քննարկվել են հումանիտար խնդիրներ, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Երկկողմ հարաբերություններին անդրադառնալով՝ նախարարները գոհունակությամբ են նշել զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության վերաբերյալ։
Միրզոյանը հանդիպել է նաև Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանությանը, օրենքի գերկայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում։