Մայրաքաղաքի կանգառասրահները փուլ առ փուլ կարդիականացվեն. մեծ մասն այսօր անմխիթար վիճակում է: Քաղաքային իշխանությունը պատրաստվում է մասնավորի հետ գործակցությամբ լուծել 330 կանգառասրահի խնդիրը և արժանավայել պայմաններ ստեղծել հասարակական տրանսպորտից օգտվողների համար:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Մենք կունենանք նոր տիպի, նոր ոճային կառուցվածքով կանգառասրահներ՝ թվով 10-ը: Կտեղադրենք դա մեկ համայնքում, որպեսզի ամբողջական լինի և հետագայում արդեն քննարկման արդյունքում կհասկանանք, նրա փոխարեն նոր ոճի կանգառասրահներով սկսենք արդեն համալրել, լրացնել այն բաց թողած տեղերը:
Այս պահին Երևանի բոլոր կանգառասրահների պատասխանատուն մասնավորն է: Դրանց վերանորոգումն ամբողջությամբ կազմակերպում է տվյալ ընկերությունը, որի հիմնական շահույթը գովազդից է: Քաղաքապետարան-մասնավոր գործակցությամբ կենտրոնական փողոցներում հաջողված օրինակներ կան:
Հայկ Սարգսյան - Մասնավոր ընկերության հետ կա պայմանագիր, որով տարեկան 5 կանգառասրահ՝ 5 հատ մեր տված վայրերում, ինքը փոխարինում է թուջե կանգառասրահներով, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում, Աբովյան փողոցում ունենք տեղադրած, Խանջյանում ունենք: Այսինքն՝ բացի սպասարկումից, տարեկան 5 կանգառասրահ փոխում է նոր ոճի:
Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ կանգառասրահների մոտ աղբամաններ չկան: Մարդիկ ծխում, գետնին են գցում: Արդիականացման ծրագրով այդ հարցն էլ կլուծվի, և յուրաքանչյուր կանգառասրահ կունենա նոր աղբաման:
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ ծրագիրը կիրականացնեն աստիճանաբար, որ խնդրին համալիր լուծում տրվի: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից, քանի որ այստեղ վատ վիճակում գտնվող կանգառասրահները գերակշռում են: Մրցույթն արդեն կայացել է: Շահող կազմակերպությունը մոտ 10 օրից կսկսի աշխատանքը: