Գերմանիան և Կատարը էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիր են ստորագրել. այսպիսով Բեռլինը ձգտում է դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումները և հրաժարվել ռուսական գազից՝ փոխանցում է DW գործակալությունը:
Համաձայնագրով նախատեսվում է պարբերական հանդիպումներ անցկացնել երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների միջև: Նախատեսվում է նաև ձևավորել աշխատանքային խումբ, որը կենտրոնացած կլինի հեղուկ գազի և ջրածնի ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացման վրա, ինչպես նաև առանձին խումբ, որը կաշխատի վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կատարի էմիրի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը բազմաթիվ հնարավորություններ է բացում արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ վերականգնվող էներգիայի և ջրածնի արտադրության ոլորտում Կատարը մեծ ներուժ ունի:
«Էներգետիկ անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է։ Գերմանիան կզարգացնի իր ենթակառուցվածքը, որպեսզի հնարավորություն ունենա հեղուկ գազ ներմուծել ծովային ճանապարհով: Դա նշանակալի քայլ է, և Կատարը կարևոր դեր ունի մեր ռազմավարության մեջ»,- ասել է Շոլցը էմիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։