ԵՎՍ 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՄՆ-ԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ նախագահը ստորագրել է Ուկրաինային շուրջ 40 մլրդ դոլարի ռազմական, տնտեսական և հումանիտար լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին օրինագիծը՝ հայտնում են Սպիտակ տնից։ Բայդենը փաստաթուղթը ստորագրել է Հարավային Կորեայում, ուր նա մեկնել է եռօրյա աշխատանքային այցով։
Սեուլում Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սոկ Յոլի հետ․ կողմերը պայմանավորվել են դիտարկել համատեղ զորավարժությունների ընդլայնման հնարավորությունը և գործակցել Հյուսիսային Կորեայից բխող կիբեռսպառնալիքներին հակազդելու հարցում։
Կորեայի Հանրապետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը հնարավոր է շարունակել. նա Փհենյանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Բայդենը հավելել է՝ Սեուլի և Վաշինգտոնի ռազմական դաշինքը հիմնված է պետական սահմանները բռնի ուժով փոխելու անթույլատրելիության ըմբռնման վրա։
ՌԴ ՊՆ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 86-րդ օրն է։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 14 անօդաչու թռչող սարք և 1 Սու-25 ինքնաթիռ՝ տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։
Խոցվել են Օդեսայի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի անձնակազմի ուսումնական ճամբարը, ինչպես նաև վառելիքի 2 պահեստ։ Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և ռազմական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքերի կենտրոնացման 47 շրջան, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական ռազմատեխնիկա։
Մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի մերձակայքում՝ հայտնում է ուկրաինական կողմը։ Երկրի ցամաքային զորքերի տվյալով՝ խոցվել է 120 միավորից ավելի ռուսական ռազմատեխնիկա։
«Ամենաշատ կորուստները ռուսական կողմն ունեցել է Բախմուտի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ այժմ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ։
«Ներխուժման սկզբում եղած ուժերով Ուկրաինային չէր հաջողվի կանգնեցնել Ռուսաստանին, քանի որ երկրի տարածքը հարկավոր էր պաշտպանել բազմաթիվ ուղղություններով։ Տարեսկզբին ես հրամանագիր էի ստորագրել զինվորականների թիվը ևս 100 հազարով ավելացնելու մասին։ Սակայն նույնիսկ դա ռուսական կողմին չէր խանգարի»,- մանրամասնել է Զելենսկին։
Նախագահը նաև ներկայացրել է պատերազմում հաղթանակելու իր սցենարը:
«Ուկրաինայի համար հաղթանակ կհամարվի այն, որ երկրի զինված ուժերը դուրս գա մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքեր։ Դա կնշանակի, որ մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Այնուհետև կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
«Հակամարտությունը թևակոխում է վերջին փուլ, որը ենթադրում է հակահարձակում և օկուպացված տարածքների ազատագրում»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Բավականին դաժան փուլ է լինելու մեզ համար, ցավոք, շատ մարդկանց կկորցնենք․․․ ստիպված ենք։ Այլ հարց է՝ որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Մենք, այնուհանդերձ, պետք է ապաշրջափակենք օկուպացված բոլոր տարածքները, այդ թվում՝ Դոնբասը»,- նշել է պաշտոնյան։
Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ Ուկրաինան պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանին տարածքային զիջումներ չի անի։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Գերմանիան և Կատարը էներգետիկ ոլորտում գործակցության խորացման մասին համաձայնագիր են ստորագրել. այդպիսով Բեռլինը ձգտում է դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումները և հրաժարվել ռուսական գազից։
Կանցլեր Օլաֆ Շոլցը Կատարի էմիրի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ փաստաթուղթը բազմաթիվ հնարավորություններ է բացում երկու երկրի հարաբերությունների զարգացման համար։
«Էներգետիկ անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է։ Գերմանիան կզարգացնի իր ենթակառուցվածքը, որպեսզի հեղուկ գազ ներմուծի ծովային ճանապարհով: Դա նշանակալի քայլ է, և Կատարը կարևոր դեր ունի մեր ռազմավարության մեջ»,- նշել է կանցլերը։