Առաջին անգամ է, որ միաժամանակ երեք հայկական ավիաընկերություն թռիչքներ է իրականացնում Երևանից, առաջիկայում կավելանա պետական մասնակցությամբ ևս մեկ ավիափոխադրող:
Ստեփան Փայասլյան (Քաղավիացիայի կոմիտեի oդային փոխադրումների կարգավորման վարչության պետ) - Оդանավերը ներկված են, պատրաստ են: Ես նման դեպք չեմ հիշում, որ նախկինում ունենանք նման ավիափոխադրող:
Ավիափոխադրողները փոխել են Հայաստանում չվերթերի պատկերը` Ֆրանկֆուրտ, Քյոլն, Վիլյնուս, Փարիզ, Աբու Դաբի: 2021-ից մինչև այսօր նոր ավիաընկերություններն ու նոր ուղղությունները շարունակում են նոր հնարավորություններ տալ ոլորտին:
Ստեփան Փայասլյան - Առաջիկայում նախատեսվում է Լառնակա -Երևան, սեպտեմբերից՝ Հռոմ-Երևան: Նախատեսում ենք նաև ղազախական ընկերություն` Ալմաթա-Երևան, որպես նոր ընկերություն:
Շեշտում է՝ կարևոր է, որ չվերթերի ուղղությունները լինեն բալանսավորված՝ թե՛ հյուսիս ու հարավ, թե՛ արևելք ու արևմուտք: Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում մի շարք ռուսական ավիաընկերություններ այս պահին չեն իրականացնում թռիչքներ: Իսկ եվրոպական ավիաընկերությունները հիմնականում ավելացրել են ոչ թե դեպի Հայաստան չվերթերի քանակը, այլ փոխել են օդանավերի չափը:
Ամերիկյան արտադրության և հայկական գրանցում ունեցող ինքնաթիռը, որ հայտնվել էր Իրանում, շարունակում է գտնվել «Զվարթնոցի» կայանատեղիում: Ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել, այլ մանրամասներ հայտնել չեն կարող, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շուրջ վերջին տարիներին սա միակ աղմկոտ դեպքը չէր: 2020-ին էլ Հայաստանը հայտնվեց ԵՄ ավիացիոն սև ցուցակում: Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը շեշտում է՝ դա, սակայն, չի նշանակում, որ մեր օդանավերի թռիչքային անվտանգությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին:
Ամեն դեպքում սև ցուցակում հայտնվելուց անմիջապես հետո սկսել են այդ ցուցակից դուրս գալու աշխատանքները: Եվրամիություն-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը ևս նպաստում է այդ գործընթացին:
Ստեփան Փայասլյան - Կոմիտեում համատեղ եվրոպական ընկերության հետ կազմվել է ճանապարհային քարտեզ, հանդիպումներ են պարբերաբար լինում, տեսանելի արդյունքներ կան:
Ի դեպ, անկախ Հայաստանի ամենամեծ ուղևորահոսքը եղել է 2019 թ.՝ 3.2 միլիոնի շեմն անցել էինք: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կարծում են՝ 2019-ի ուղևորահոսքի դեռ չգերազանցված արդյունքներին գուցե 2023-ին էլ կարողանան հասնել:
Այս տարվա առաջին 4 ամիսների թվերը հուսադրող են: Եթե 2021-ի առաջին 4 ամսին ուղևորահոսքը կազմել է 405103, ապա 2022 թ. նույն ժամանակահատվածում՝ 780079՝ 92,6 տոկոսով ավելի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան