Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ամրապնդել համատեղ պաշտպանունակությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ից եկող սպառնալիքի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները համատեղ զորավարժությունների ծավալներն ընդլայնելու հնարավորությունների վերաբերյալ:
ԱՄՆ նախագահը հաստատել է դաշնակցին պաշտպանելու Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ օգտագործելով պաշտպանության բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ միջուկային, սովորական և հակահրթիռային համակարգերը: Կողմերը պայմանավորվել են նաև ամրապնդել զսպման միջոցները՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի ապակայունացնող գործողությունների: Նախագահները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու կիբեռտարածքում Փհենյանից եկող սպառնալիքին հակազդելու գործում:
Բայդենն ու Յունը դատապարտել են այս տարվա սկզբից ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների թվի աճը և Փհենյանին կոչ են արել հետևել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին:
ԱՄՆ ղեկավարը նաև պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա բանակցելու լուրջ մտադրություն ունենա։
Բայդենը Հարավային Կորեա է ժամանել եռօրյա այցով, այնտեղից ԱՄՆ նախագահը կմեկնի Ճապոնիա: