Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, կոչ արել դադարեցնելու աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Էրդողանը նշել է, որ Անկարան Ստոկհոլմից հստակ գործողություններ է ակնկալում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Սիրիայում ու Իրաքում դրա հետ կապված խմբավորումներին դիմակայելու հարցում։
«Նախագահը նաև արտահայտվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ Շվեդիայի սահմանափակումների վերացման օգտին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ․ օրակարգում նույն հարցն է՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Հելսինկիի հնարավոր անդամակցությունը։
Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Անկարան «ո՛չ» է ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, քանի դեռ չեն կատարվել Անկարայի պահանջները։