Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։