Ավանդներն աճում են, վարկերը՝ նվազում: Կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի տվյալները: Հայաստանի առևտրային բանկերում ներգրավված ավանդների ծավալը 2022-ի փետրվարի դրությամբ կազմում է 4 տրլն 51 մլրդ 265 մլն դրամ, սրանից ռեզիդենտներին բաժին է ընկնում 3 տրլն 179 մլրդ 835 մլն դրամը, ոչ ռեզիդենտներին՝ 871 մլրդ 430 մլն դրամը: Գերակշռում են արտարժույթով ավանդները՝ 2 տրլն 42 մլրդ 98 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 50.4 տոկոսը: Ծավալը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 10.8, 2020-ի նույն ամսվա համեմատ՝ 15.7, իսկ 2019-ի համեմատ՝ 34.8 տոկոսով:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Եթե մենք խոսում ենք ավանդների աճի մասին, բնականաբար, դա խոսում է բանկային համակարգի հանդեպ մեր հասարակության, մեր ազգաբնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Այսինքն՝ նույնիսկ այս պայմաններում, երբ որ տեսանք կան բազմաթիվ արտաքին բացասական գործոններ, որոնք ազդում են մեր երկրի թե՛ տնտեսության, թե՛ ֆինանսական շուկայի վրա: Ազգաբնակչության մոտ նաև մենք չնկատեցինք խուճապային անհիմն տրամադրություններ, արտարժույթի ինչ-որ անհիմն գնումներ:
Վերջին շրջանում ավելացել են դրամային ավանդները, քանի որ դրանց եկամտաբերությունն ավելի մեծ է: Տնտեսագետների գնահատմամբ՝ ավանդների աճը պայմանավորված է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ:
Կարեն Սարգսյան - Գոյություն ունի կորելացիոն ուղիղ կապ ավանդների ծավալի և տոկոսադրույքի միջև, վերաֆինանսավորման և հակադարձ կորելացիոն կապ՝ վարկերի ծավալի և այս տոկոսադրույքի միջև: Հիմա մենք ականատես ենք լինում հենց այս խնդրին: Այսինքն՝ վարկերն ավելի թանկացել են բնականաբար, քանի որ բազային տոկոսադրույքը բարձրացել ա, իսկ ավանդները ավելի ձեռնտու են, շահեկան են, քանի որ ավանդների տոկոսադրույքը նույնպես բարձրացել է:
Առևտրային բանկերի տված վարկերի ծավալը փետրվարին կազմել է 4 տրլն 56 մլրդ 284 մլն դրամ: Ի տարբերություն ավանդների, այս դեպքում գերակշռում են դրամով վարկերը՝ կազմելով 2 տրլն 249 մլրդ 381 մլն դրամ, որը ընդհանուր ծավալի 55.5 տոկոսն է: Նախորդ տարվա փետրվարի համեմատ բանկերի տրամադրած վարկերի ծավալը նվազել է 1.2 տոկոսով, սակայն 2020-ի և 2019-ի համեմատ աճել է: Վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի չափն էլ փետրվարին կազմել է 301 մլրդ 430 մլն դրամ՝ նվազելով նախորդ 3 տարվա նույն ամսվա համեմատ:
Կարեն Սարգսյան - Վարկերի դեպքում դրամովն է գերակշռում, քանի որ դրամով վարկի սպասարկումն ավելի քիչ ռիսկային է, քան դոլարով վարկի, քանի որ դոլարով վարկի փոխարժեքի կտրուկ տատանումները միանգամից կարող են ազդել այդ վարկի սպասարկման վճարների վրա, տոկոսավճարների վրա, ինչը մեծ բեռ կարող է հանդիսանալ:
Մասնագետների գնահատմամբ՝ կախված տնտեսության վիճակից և Կենտրոնական բանկի քաղաքականությունից՝ առաջիկայում բանկերի տրամադրած վարկերը կարող են աճել, սակայն ինչ վերաբերում է վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքներով վարկերին, տեմպի նվազումը կարող է շարունակվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան