Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 50 մետր հենապատ է փլուզվել: Ճանապարհը երկկողմանի փակ է: Դեռ ամիսներ առաջ մասնագետները փլուզում կանխատեսել, ճանապարհի աջակողմյան հատվածը միակողմանի էին դարձրել, ոստիկանական հսկողություն նշանակել:
Տիգրան Գիտաչյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ) - Տեսնում եք, որ փլվածքի հետևանքով ճաքեր են առաջացել երթևեկելի հատվածում, որը վտանգավոր է երթևեկության համար: Դժբախտ պատահարներից, մարդկային զոհերից խուսափելու համար որոշումը՝ փակել, մինչև ավարտվեն շինարարական աշխատանքները՝ վերականգնելու փլուզված հատվածը և ավելի ամրացնելու:
Փլուզման հետևանքով վնասվել են նաև հաղորդալարեր: Թե որն է եղել պատճառը՝ ԱԻՆ մասնագետները դժվարանում են հստակ պատասխանել: Նշում են՝ ճանապարհի գրունտային հատվածն անձրևաջրերից խոնավացել է, մյուս կողմից՝ այդ հատվածում ակտիվ շինարարություն է: «Սահակյանշին» ընկերությունը, որը կառուցապատման թույլտվությունը ստացել է 2020-ին, անմիջապես ճանապարհի եզրին՝ մոտ 15 մետր խորությամբ, բազմահարկեր են կառուցում:
Տիգրան Գիտաչյան - Կան ռիսկեր: Դուք տեսնում եք արդեն. տեղի ունեցածի հիմնական պատճառներից է, որ այս գրունտը բավականին գերխոնավացած է: Այսինքն՝ բարենպաստ պայմաններ են, որ շարունակվեն այդ փլուզումները:
Կառուցապատողի հետ կապ հաստատել չհաջողվեց: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից նշեցին՝ Երևանի քաղաքապետարանը տեղյակ է եղել, որ տվյալ հատվածում փլուզման վտանգ կա, և հրատապության կարգով պետք է լրացուցիչ ամրաշինական, նույնիսկ բետոնապատման ու հողալցման աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից՝ քաղաքային իշխանությունը խնդրի մասին պետք է տեղյակ պահեր նաև տեսչական մարմնին, որպեսզի իրենք ձեռնարկեին համապատասխան միջոցներ:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Երևան համայնքը՝ որպես լիազոր մարմին և որպես շինթույլտվություն տրամադրող մարմին, պարտավոր էր ամենօրյա հսկողություն իրականացնել տվյալ օբյեկտի շինաշխատանքների նկատմամբ և խնդիր հայտնաբերելու դեպքում պարտավոր էր կասեցնել, պատասխանատվության միջոցներ կիրառել կառուցապատողի նկատմամբ:
Տեսչական մարմինը պատրաստվում է այս բնակելի թաղամասի շինհրապարակում ստուգումներ իրականացնել: Քաղաքաշինական փաստաթղթերը կստուգեն, և եթե շեղումներ հայտնաբերեն, վարչական պատասխանատվության կենթարկեն: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարը «Լուրեր»-ին հայտնեց, որ տեսչականի դիտարկումներին համաձայն են: Լևոն Սարդարյանը նշեց՝ խնդիրն ուսումնասիրում են, ըստ այդմ կհասկանան՝ փլուզված ճանապարհահատվածը մասնակի՞ նորոգեն, թե՞ հիմնանորոգեն: Ճանապարհի այլընտրանքն այս պահին Մոնթե Մելքոնյան փողոցն է: