ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԴՈՆԲԱՍԻ ՇՐՋԱՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսական ուժերն ամբողջությամբ ավերել են Ուկրաինայի Դոնբասի շրջանը՝ հայտարարել է երկրի նախագահն ու Մոսկվային մեղադրել անիմաստ ռմբակոծություններ իրականացնելու համար: Նա նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվելու: Իր ուղերձում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Սենատի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի համար: Ուկրաինայի բյուջեի ամսական դեֆիցիտը կազմում է 5 միլիարդ դոլար՝ հայտնել է Զելենսկին ու շեշտել, որ պատերազմին դիմանալու համար Կիևին անհրաժեշտ է արագ և բավարար ֆինանսական աջակցություն: «Դա պարզապես նվեր չէ գործընկերների կողմից. սա նրանց ներդրումն է իրենց իսկ անվտանգության համար»՝ եզրափակել է Վոլոդիմիր Զելենսկին:
ԲԱՅԴԵՆՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վաշինգտոնը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հետ կապված Թուրքիայի առարկությունները՝ հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը: Ջեյք Սալիվանը նշել է, որ Ջո Բայդենը չի նախատեսում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները: «Այս պահին նման ծրագրեր չկան»,- ասել է Սալիվանը՝ պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման շուրջ նախագահի խորհրդակցությունների վերաբերյալ հարցին: Ավելի վաղ Անկարան ՆԱՏՕ-ին հայտնել էր դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ոչ ասելու իր մտադրության մասին։
ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ ՈՐՈՇ ՉԱՓՈՐՈՐՇԻՉՆԵՐԻ
Եվրամիությունն ուսումնասիրում է ռուսաստանցի գործարարների սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունները՝ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Ֆոն դեր Լյայենը նաև հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնման օգտին՝ այն բարեփոխումների իրականացմամբ, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանը նրա անդամակցության համար։ Նրա խոսքով՝ չնայած ուկրաինացիներն իրենց ապագան տեսնում են ԵՄ-ում, բայց անդամակցության համար անհրաժեշտ է հետևել որոշակի չափորոշիչների օրենքի գերակայության, տնտեսական և քաղաքական ոլորտներում։
ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԼԻՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը նշել է, որ եթե Միացյալ Նահանգները տրամաբանորեն գործի, համաձայնությունը կկայանա: Ամիր Աբդոլլահիանը բոլոր կողմերին կոչ է արել նախաձեռնող լինել բանակցություններում։ Նա հավելել է, որ Թեհրանը լուրջ կամք ունի՝ հասնելու ամուր և տևական համաձայնության, իհարկե, իր կարմիր գծերը հարգելով: Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աջակցել համաձայնության կայացմանը: «Մոսկվան ջանքեր է գործադրում՝ հասնելու արդար համաձայնության՝ իրանական կողմի շահերն ու պահանջներին համապատասխան»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
30 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ՝ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Համաշխարհային բանկը խոստանում է 30 միլիարդ դոլար հատկացնել պարենային ճգնաժամը հաղթահարելու համար` հայտարարել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսության և պարենի հարցերով տնօրենը: Նրա խոսքով աշխարհում արդեն նկատվում է պերանային անվտանգության լուրջ խնդիր, որն ավելի վտանգավոր է լինելու, քան 2007-2008 թվականի պարենային ճգնաժամն էր: Ընդհանուր գումարը կներառի 12 միլիարդ դոլար նոր ծրագրեր և ավելի քան 18 միլիարդ դոլար՝ սննդամթերքի հետ կապված ծրագրեր: ՀԲ-ն ակնկալում է, որ նոր ծրագրերը կաջակցեն գյուղատնտեսությանը, սոցիալական պաշտպանությանը՝ աղքատների համար սննդամթերքի գների աճի հետևանքները մեղմելու համար։