Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի՝ Մոսկվան կասկածում է, որ ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։
«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային հարավի կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։ Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արևմուտքին մատակարարվող զենքի համար:
Նեբենզյան նաև ասել է, որ պարենային ճգնաժամն աշխարհում չի հրահրվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Ըստ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի՝ այն սկսվել է դեռևս 2020 թվականին, երբ մոտ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների պարենային անվտանգության ոլորտում։
ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ենթադրությունը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան երկրներին ցորենով է վճարում զենքի մատակարարման համար։ Եվրոպացի պաշտոնյան այս խոսքերն անվանել է ռուսական ապատեղեկատվություն։