Գյուղատնտեսական հումքի մթերումների աջակցության ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ պետությունը կսուբսիդավորի նաև արտահանողներին: Կառավարությունը պատրաստ է 50 տոկոսով վարկային երաշխիք տրամադրել այն դեպքում, երբ արտահանողն արտադրողի հետ ունենա նախապես կնքած պայմանագիր: Անցած տարի վարկային աջակցությունից հասցրել է օգտվել մեկ արտահանող ընկերություն, որի փորձն արդյունավետ է եղել:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Ընկերությունը օգտվեց այդ վարկային միջոցներից շուրջ երեք միլիարդ դրամի չափով և բավականին ծիրան ու դեղձ մթերեց մեր վարկային ծրագրի շրջանակներում: Արտահանողները ևս կարող են օգտվել մեր ծրագրից, եթե հասցնեն մինչև հունիսի 1-ը ֆերմերների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
Այս տարի կա ակնկալիք, որ վարկային աջակցությունից օգտվող արտահանողների թիվը կավելանա, քանի որ առանց այդ էլ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները, ի տարբերություն գինեգործական արտադրանքի, տարեցտարի ավելանում են: 2020-ին 2019-ի համեմատ արտահանումն ավելացել է 27 տոկոսով, 2021-ին 2020-ի համեմատ 25 տոկոսով:
Գևորգ Ղազարյան - Նույնիսկ կովիդի պայմաններում մենք պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման տեմպի նվազում չենք ունեցել, հակառակը՝ աճ ենք ունեցել:
Կտրուկ նվազում է եղել գինեգործության ոլորտում: Դրան նպաստել է թե՛ կորոնավիրուսի համավարկը, թե՛ ռուբլու արժեզրկումը, ինչպես նաև այս տարի Վերին Լարսի անցակետի տևական փակ լինելը: Մարտին արտահանում գրեթե չի եղել ասում է ագրովերամշակման զարգացման պատասխանատուն: Սակայն ռուբլու կայունացմամբ պայմանավորված՝ առաջիկայում ակնկալվում է գինու և կոնյակի արտահանման ավելացում: