Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» խորագրով Ժողովրդավարության հայկական ֆորումին։
Պաշտպանը որպես բանախոս հանդես է եկել «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» պանելային քննարկմանը:
Իր ելույթի ժամանակ Պաշտպանը մասնավորապես նշել է․
«Ժողովրդավարությունն ընտրություն է, որին պետք է հաջորդի ամենօրյա աշխատանքը՝ ավելի լավ, ավելի հաշվետու, ավելի թափանցիկ կառավարում, իրավունքների առավել լավ պաշտպանվածություն ապահովելու ուղղությամբ։ Հայաստանը կատարել է այդ ընտրությունը վաղուց և առաջ է գնում։ Ժողովրդավարությունը նպատակ չէ, ու այդ գործընթացում ամեն օր նոր մարտահրավերներ կան։
44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության շատ լայն շրջանակներ, այդ թվում նաև ինտելեկտուալներ, ակտիվորեն կասկածի տակ էին դնում ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունը։
Այդ մարդիկ ասում էին, որ եթե նման պատերազմի ընթացքում և հետո ժողովրդավարությունն անհամեմատ ավելի բարձր պատասխանատվություն ու ավելի մեծ ռիսկ է ստեղծում ավտորիտար հարևանների հետ գործ ունենալիս, ուրեմն պետք է նորից մտածենք, արդյոք պետք է մեզ այդ ժողովրդավարությունը, որը պատերազմի ժամանակ ու հետո դարձել էր մի ծանր բեռ, որը մեզ որպես հասարակություն թույլ չէր տալիս ավելի արագ վազել այդ կյանքի ու մահվան մարաթոնում։
Անկախ իրավիճակներից ու ժամանակներից, որևէ ժողովրդավարությունում արդարադատության պակասը կամ բացակայությունը դեֆորմացնում ու թուլացնում է ժողովրդավարության իմունային համակարգը։ Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել, նրանք պահանջում ու սպասում են։
Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժել երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունն ու նորմալ կյանքը կորցրած բազմաթիվ տեղահանվածներ փնտրում են սոցիալական արդարություն ու սովորում լինել ավելի դիմակայուն՝ ներսում հույս պահելով, որ միգուցե մի օր պիտի վերադառնան իրենց տները։
Այս բոլոր խումբ մարդիկ հասարակության մասն են կազմում, և այդ մարդկանց տրավման դեռ հաղթահարված չէ, ուրեմն մեր հասարակության տրավման ևս հաղթահարված չէ։
Պաշտպանի մանդատի շրջանակներում ես հանդիպում եմ այս մարդկանց գրեթե ամեն օր, նրանց խնդիրները շատ են, բայց ամենամեծ խնդիրը արդարադատության այդ սպասումն է։
Հետպատերազմյան այս տրավման իր հետ բերել է նոր մարտահրավերներ թե՛ ժողովրդավարական գործընթացների, թե՛ մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության առումով։
Ծայրահեղ բեևեռացված հանրային խոսույթն ու ատելության խոսքը թերևս կոլեկտիվ այդ տրավմայի ամենավառ դրսևորումն ու հետևանքն են։ Ես գիտեմ, որ ատելության խոսքը մի մարտահրավեր է, որը առկա է շատ երկրներում, որտեղ պատերազմներ չեն եղել, բայց Հայաստանի դեպքում պատերազմն ու դրա հետևանքներն առավել լարված ու «սադրիչ» միջավայր են ստեղծում այդ խոսքի տարածման համար։
Իհարկե, Հայաստանը զերծ չէ նաև գլոբալ հակաժողովրդավարական տենդենցներից, մեզանում ևս իրավապաշտպանները թիրախավորվում են այն խմբերի կողմից, որոնք ժողովրդավարության ընտրության մասին տարբերվող կամ հակադիր հայացքներ ունեն։ Օրինակ՝ մեզանում էլ կան իրավաբաններ, ովքեր կոնկրետ քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ մարդիկ համարում են, որ իրավապաշտպանությունը հենց նման կազմակերպությունների գործունեությունն արգելելն է, և որ իրենք են ազգային ճիշտ արժեքներով իրավապաշտպանները։
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անգամ Ազգային ժողովում կան որոշում կայացնողներ, ովքեր կարծում են, որ մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը պետք է հարմարեցնել, այսպես կոչված, «առավել կարևոր» ու «առավել մարգինալ» իրավունքների բաժանմանը։ Բայց ժողովրդավարությունը նաև այն բանի մասին է, որ այս բոլոր խմբերի ձայնը պետք է լսելի լինի, իսկ այդ առումով մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի նրան, որ ժողովրդավարության իմունային համակարգն առողջ պահենք։ Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ ժողովրդավարական ինստիտուտները՝ պետական կառավարման մարմինները, անկախ հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, անկախ ու պրոֆեսիոնալ մեդիան պետք է պաշտպանված լինեն որևէ անհամաչափ հարձակումներից ու վտանգներից, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պետք է շարունակենք լավարկել, սա նշանակում է, որ իրավունքի գերակայության սկզբունքը չպետք է ստորադասվի այսպես կոչված «առավել կարևոր հանրային բարիքի»։ Սա նաև նշանակում է, որ բոլոր դժվար հարցերը պետք է սթափ ու բաց քննարկենք, և որ կարևոր հարցերը տասնամյակներով անկյուններում պահելով՝ որևէ լավ տեղ չենք հասնի»:
Պանելային քննարկումը ամփոփվեց բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։